ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԾԱՌԱՏՈՒՆԿԸ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է. ՊՄՊ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ ԴԻՄԵԼ Է ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ

ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԾԱՌԱՏՈՒՆԿԸ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է. ՊՄՊ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ ԴԻՄԵԼ Է ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ

2015-05-19T13:32:54+00:00 19/05/2015|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պահապանը, ս. թ. ապրիլի 7-ին Պտղնի համայնքում շրջայց կատարելիս Եկեղեցի Պտղնավանք, Պտղնի տաճար / պետ. ցուցիչ. 6.54.5, 6-7- դդ., հանրապետական նշանակության/ հուշարձանի պահպանական գոտու տարածքում նոր կատարված ծառատունկի փաստ է արձանագրել:

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 22-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 2002թ. թիվ 438 որոշման դրույթների համաձայն կատարվածն իրավախախտում է: Նկատի ունենալով վերոնշյալը և օրենքով սահմանված կարգով, ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետ Կ. Հակոբյանը իրավախախտման մասին գրավոր դիմել է Պտղնի համայնքի ղեկավար Ա. Վիրաբյանին, ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի պետ, փոխգնդապետ Ա. Մկրտչյանին: Մարզային ծառայության պետը հայտնել է, որ պետական սեփականություն համարվող Եկեղեցի Պտղնավանք, Պտղնի տաճար/ հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում կատարված ծառատունկի պատճառով խախտվել են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 22-րդ հոդվածների պահանջները, որոնց համաձայն հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում հողային, շինարարական և այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաև տենտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազոր մարմնի`ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ, հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների համար հողի հատկացումներ, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հողորդակցության ուղիների նախագծերը ևս սահմանված կարգով համաձայնեցվում են լիազոր մարմնի հետ: Հղում կատարելով նույն օրենքի 11-րդ հոդվածի «բ» և «ե» կետերին, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ ենթակետի դրույթներին, ՊՄՊ մարզային ծառայության պետ Կ. Հակոբյանը պահանջել է միջոցներ ձեռնարկել նորատունկ ծառերը հուշարձանի պահպանական գոտուց տեղափոխելու ուղղությամբ:

ՊՄՊ մարզային ծառայության պետը մինչ իրավապահներին գրավոր դիմելը հանդիպել է համայնքի ղեկավար Ա. Վիրաբյանին` առաջարկելով նորատունկ ծառերը հուշարձանի պահպանական գոտու տարածքից տեղափոխել այլ վայր: Գյուղապետը առաջարկը մերժել է` պատճառաբանելով, որ երիտասարդների կատարածն իրավախախտում չի համարում: