ԱՂՁՔ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԱՂՁՔ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Պետ ցուցիչ` 2.8.1.

Կառուցվել է IV դարում և գտնվում է Արագածոտնի մարզի Աղձք գյուղում: Իր մեջ ներառում է Արշակունյաց թագավորների դամբարանը, եկեղեցի, կոթողներ, հուշասյուներին ու խաչքարերին պատկանող բեկորներ, օժանդակ և այլ կառույցների մնացորդներ:

Համաձայն V դարի հայ պատմիչ Փավստոս Բյուզանդի վկայության` 364 թ. հայ-պարսկական պատերազմի ժամանակ պարսից զորքերը պետականության գաղափարը ազգային գիտակցությունից արմատախիլ անելու նպատակով քանդում են Արշակունի թագավորների գերեզմանները և որոշում նրանց ոսկորները տեղափոխել Պարսկաստան: Սակայն հայոց զորքերը, սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ, Արարատյան դաշտում խայտառակ պարտության են մատնում պարսկական զորքերին և հայ թագավորների ոսկորները վերաթաղում Աղձք բնակավայրում:

Արշակունյաց թագավորների դամբարան: Այն համարվում է համալիրի գլխավոր հուշարձանը: Կառուցվել է 364 թ. սև և կարմիր սրբատաշ տուֆից: Դամբարանը եղել է երկհարկանի, որից պահպանվել է գետնափոր հարկը: Ծածկը` թաղակապ, կամարները` խիստ պայտաձև: Դամբարանի հատակագծի հորինվածքը խաչաձև է: Արևելյան կողմում առկա է կորագիծ հատակագծով աբսիդ: Հյուսիսային և հարավային կողմերում բացված են մեկական ուղղանկյուն խորշեր, ուր և ամփոփվել են թագավորների ոսկորները:

Մուտքը գտնվում է արևմտյան մասում, որի երկու կողմերի, ինչպես նաև ուղղանկյուն խորշերի ճակատների քարերը ծածկված են կրոնական և աշխարհիկ թեմաներով ստեղծված բազմաթիվ հարթաքանդակներով: Առավել արժանահիշատակ են շրջանակի մեջ ներգծված հավասարաթև խաչը, Դանիելը առյուծների գբում, գազանների դեմ մղվող մարտի տեսարանները, թռչունների և զանազան այլ կենդանիների պատկերաքանդակները: Քանդակներն ունեն քրիստոնեական վաղ շրջանի արվեստին ներհատուկ ընդհանուր գծերով արտահայտված պարզ մշակումներ:

Բազիլիկ եկեղեցի: Արշակունիների դամբարանին հյուսիսային կողմից կից տեղադրված է եռանավ հորինվածքով բազիլիկ եկեղեցին: Թվագրվում է IV դարով և համարվում է անդրանիկ եռանավ բազիլիկ եկեղեցիներից մեկը: Առայժմ հայտնի չէ, թե Արշակունիների դամբարանից առաջ է կառուցվել, թե հետո: Պահպանվել է պատերի և մույթերի 1.5–2 մ. բարձրությամբ հատվածներ: Եկեղեցու առանձնահատկությունը այն է, որ հիմքում եկեղեցին գրեթե քառակուսի է: Սրահը չորս մույթերով /հարավային մույթերը հիմքում T- աձև են, հյուսիսայինները` խաչաձև/ բաժանվում է կենտրոնական լայն և եզրային նեղ նավերի: Միակ մուտքը արևմուտքից է: Կենտրոնական նավի արևելյան մասում տեղադրված է պայտաձև հատակագծով խորանը, որի հարավային կողմում կառուցվել է միակ ավանդատունը:

Համաձայն մույթերի կառուցման, ինչպես նաև խորանի արևմտյան ճակատին ավելացված որմնամույթերի` հիմք է տալիս կարծելու, որ եկեղեցին նախկինում եղել է փայտածածկ, որը հետագայում վերափոխվել է քարե թաղածածկի:

Հուշահամալիրի տարածքը մինչև XX դարի առաջին կեսը հնագիտական պեղումների չի ենթարկվել, սակայն, մասնագետները հակված են կարծելու, որ հանգամանորեն ուսումնասիրված շինությունը եղել է դամբարանը և թվացյալ միանավ եկեղեցին: 1973-1975 թթ. ընթացքում հուշահամալիրի տարածքում կազմակերպվեցին մասնակի պեղման, ամրակայման, վերականգնման, բարեկարգման աշխատանքներ, իսկ 2001-2002 թթ.` բարեկարգման և չափագրման աշխատանքներ: 2015 թ. համալիրում վերսկսվեցին պեղման աշխատանքներ:

Օգտագործված գրականություն
1. Ակնարկ հայ ճարտարապետության պատմության, ՀՀԱԱ 1964:
2. Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Եր. 1992:
3. Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն, Հուշարձան տարեգիրք 7, Եր. 2011:
4. Conservation of ruined monuments, 16-24 x/2002, Yerevan-Byurakan.