ՎԵԴԻ ՔԱՂԱՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

ՎԵԴԻ ՔԱՂԱՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Վեդի քաղաքը գտնվում է Արարատի մարզում` Երևան-Մեղրի, Երևան-Արցախ միջպետական ճանապարհից 8 կմ արևելք, Երևանից 45 կմ հարավ, Վեդի գետի ստորին հոսանքում: Պատմական տարբեր ժամանակաշրջաններում բնակավայրը ունեցել է հետևյալ անունները` Վիթի, Վետի, Բոյուք Վեդի: Առաջին անգամ բնակավայրը Վեդի անունով հիշատակվել է XIII դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Սիսական աշխարհի» աշխատության մեջ: Սյունյաց իշխանաց իշխանը Սմբատը, մոնղոլներից ազատագրել է նաև «էառ և Եղեգիս և ամենայն գավառն Վայոց և Փողահանն, Ուրծ և Վեդի յուր ձորովն…»: Առաքել Դավրիժեցին նույնպես հիշատակում է Ուրծաձորն ու Վեդին, իսկ Զաքարիա սարկավագը` միայն Վեթի և «դաշտն Վեթվոյ»: Վեդիի մասին հիշատակությունբ է պահպանվել նաև ՀՈՎՀԱՆՆՈՒ Ս. ԿԱՐԱՊԵՏ վանական համալիրում. իշխանուհի Գոնցայի կողմից 1301թ. կառուցված ս. Աստվածածին /պետ. ցուցակ` 3.48.14.1./ եկեղեցու արձանագրության մեջ հիշատակվում է Վեդին «….ետու… Վեդի Բ ջաղացն…»: Վեդի անվան ստուգաբանությունը ստույգ հայտնի չէ, հավանաբար այդ բառը համազոր է պարսկերեն «կիրճ» բառին: Պարսից արքա Շահ Աբասը 1604-05թթ. բնակավայր հայաթափ է արել: XVI-XVIII դդ. այն մտել է Երևանի խանության մեջ, իսկ Արևելյան Հայաստանը Ռուսական տիրապետության տակ անցնելուց հետո Երևանի նահանգի Երևան գավառի մեջ: Խորհրդային տարիներին Վեդին եղել է Արարատի շրջանային կենտրոնը, իսկ 1995թ. ստացել է քաղաքի կարգավիճակ:

Քաղաքի մուտքը զարդարում է ՎԵԴԻ ՔԱՂԱՔԻ ՄՈՒՏՔԸ քանդակազարդ հուշարձանը /պետ. ցուցիչ` 3.4.4./: Հուշարձանը գտնվում է Երևան-Վեդի խճուղու աջ կողմում: Այն տեղադրվել է Վեդու կոլտնտեսության պատվերով 1986թ.: Քանդակագործն է Ս. Լուսինյանը, ճարտարապետը` Պ. Սեդրակյանը: Տուֆակերտ քանդակը խորհրդանշում է Արարատյան դաշտավայրի բերք ու բարիքը` զարդամոտիվներով: Իր ողջ տեսքով հիշեցնում է թևերը բարձրացրած արծվի:

Վեդի քաղաքի մյուս հուշարձանը Երկրորդ Աշխարհամարտում Զոհվածներին նվիրված հուշաձանն է /պետ. ցուցիչ` 3.4.3./, որը կառուցվել է 1977թ: Հուշարձանը բաղկացած է երկու մասից: Այն տուֆակերտ է: Իր կառուցվածքային ոճով նմանվում է Ծիծեռնակաբերդին. չորս խոնարհված սյուները անմար կրակի վրա խորհրդանշում են, որ զոհվածների սխրանքը չի մոռացվել, իսկ դեպի երկինք հառնող առանձին սյունը խորհրդանշում է վերածնունդ: Հուշարձանի ճարտարապետն է Պ. Սեդրակյանը:

Վեդի քաղաքի հյուսիսարևելյան կողմում պահպանվել է VIII-XIII դարերի ամրոց /պետ. ցուցիչ`3.4.1./: Տեղական նշանակության այս հուշարձանը լավ ուսումնասիրված չէ: Միջնադարում, երբ Հայաստան են ներխուժել թուրքալեզու ցեղեր, նրանք այն անվանել են Հայոց բերդ /Էրմանի կալասի/: Ամրոցի տարածքում հայտնաբերվել են խեցեղեն զարդեր, քարե գործիքներ, սանդեր և այլն:

Բացի հաշվառված հուշարձաններից Վեդի քաղաքում կան նաև նորակառույց այլ հուշարձաններ` 2000թ. կառուցված Ս. Աստվածածին եկեղեցին, քաղաքային զբոսայգում` սպարապետ Վ. Սարգսյանի կիսանդրին, Արցախյան պատերազմի և Երկրաշարժի զոհերին նվիրված հուշակոթողները:

Օգտագործված գրականություն
1. Հակոբյան Ս., Վեդի, Երևան, 2004:
2. Մանուկյան Մ., Հայաստանի Հանրապետության մարզերը, քաղաքներն ու գյուղերը, Երևան, 2013:
3. Խանզադյան Ս., Հայրենապատում, Երևան, 1984: