ԱՐԹԻԿԻ ՍԲ. ԳԵՎՈՐԳ ԵՎ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

ԱՐԹԻԿԻ ՍԲ. ԳԵՎՈՐԳ ԵՎ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

2015-06-30T15:10:29+00:00 22/06/2015|Շիրակ, Շիրակի Հուշարձաններ|

Պետ. ցուցիչ 7.2.10

Արթիկ բնակավայրը Հայաստանի ամենահին ու նշանավոր վայրերից է, որի խոսուն վկայությունն է տարածքում պահպանված բազմաթիվ պատմական հուշաձաննեը, որոնք իրենց ուրույն տեղն ունեն միջնադարյն Հայաստանի ճարտարապետության մեջ:

Արթիկի Սբ. Գևորգ եկեղեցի /պետ. ցուցիչ 7.2.10/ հոյակապ և մեծարժեք կոթող է: Ստույգ հայտնի չէ, թե երբ է այն հիմնադրվել և ովքեր են կառուցողները: Ըստ ուսումնասիրողների վերլուծության եկեղեցին կառուցվել է 7-րդ դարի կեսերին: Եկեղեցին ունի խաչաձև հատակագիծ, կենտրոնագագաթ կառուցվածք, որն իր արտաքին տեսքով նման Մաստարայի եկեղեցուն: Սբ. Գևորգ եկեղեցու քառակուսի հատակագծի բոլոր կողմերի միջնամասում կան գմբեթարդ ծածկերով կիսաշրջան աբսիդներ: Արևելյան աբսիդի երկու կողմերում քառակուսի հիմքով խորաններ են, որոնք արևելյան պատի մեջ ունեն աբսիդաձև փոքրիկ խորշեր: Աղոթասրահի քառակուսին ծածկված է եղել լայնանիստ գմբեթով, որը հասել է մեզ ավերված վիճակով: Ունի երկու մուտք. գլխավոր մուտքը արևմտյան կողմից է, մյուսը` հարավից: Հյուսիսային խաչթևը ներսից ու դրսից կիսակլոր է, իսկ մյուսները` ներսից կիսակլոր, դրսից` բազմանիստ: Արևելյան կողմից եռանիստ աբսիդը լուսավորվում է երեք պատուհաններով: Եկեղեցու արևելյան ճակատի հարթությունը ընդգծված է երկու խորշերով` զույգ կիսասյուներով: Հյուսիսային և արևմտյան ճակատները միմյանց բավականին նման են և նիստերի անկյունները ընդգծված են դեկորատիվ զույգ կիսասյուներով: Հյուսիսային խաչթևի հաստ պատի ներսում կան աստիճաններ: Ս. Գևորգ եկեղեցին կառուցված է Արթիկի վարդագույն տուֆի մեծ սրբատաշ քարերով: Քարերի վրա ոչ մի գրավոր հիշատակության չի պահպանվել: Որմնասյուների խոյակներն ու պատուհանների պսակները զարդարված են տարբեր զարդանախշերով` խաղողի ողկույզ և տերև, նռան ու արմավենու տերև և այլն:

Միջնադարյան հայ ճարտարապետության համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Արթիկի փոքր` Մարիամ կամ Սբ. Աստվածածին եկեղեցին /պետ. ցուցիչ 7.2.19/ (այժմ կիսավեր): Այն գտնվում է Սբ. Գևորգ եկեղեցուց դեպի արևելք: Այս եկեղեցու կառուցման ժամանակը նույնպես հայտնի չէ: Եկեղեցու հատակագծային ուշագրավ և յուրահատուկ ձևերը բնորոշ են 4-6-րդ դարերին: Ունի եռանավ բազիլիկայի և գմբեթավոր խաչաձև հատակագծային բնորոշ գծեր: Հուշարձանում պահպանվել են բազիլիկ եկեղեցիներին բնորոշ արտաքին սրահների մնացորդներ, եռակենտրոն պայտաձև կամարներ և թաղեր: Լուսամուտների չափսերն ու նրանց բացվածքի կողերի թեքություննները, պսակների ձևերն ու նկարվածքը հատուկ են Հայաստանի այդ ժամանակաշրջանի հուշարձաններին: Իր արտասովոր հատակագծային հորինվածքով եկեղեցին ներքուստ և արտաքուստ խաչաձև է`աչքի ընկնելով տարբեր խորության խաչթևերով: Արևելյան խորանավեր խաչթևը կարճ է, առևմտյանը` զգալի խորություն ունի, իսկ հարավային և հյուսիսային խաչթևերը միանման են և խորությամբ, և ձևով: Դրանց արևելյան պատերում տեղավորված են մեկական խորաձև, կիսաբոլորակ որմնախորշեր: Արևելյան խաչթև ունի գմբեթարդային, իսկ մնացածները` թաղային ծածկեր: Սբ. Մարինե եկեղեցու արևմտյան թևը զգալիորեն երկար է, շրջապատված է եղել 4-5-րդ դարերին բնորոշ սյունասրահով: Եկեղեցու մուտքերը գտնվում են արևմտյան և հյուսիսային պատերի վրա: Հյուսիսային խորանի կամարը, որը դրված է կողմնային խոյակների վրա, պահպանվել է և ունի պայտաձև տեսք, մյուս երեքը` կիսաշրջանի տեսք:

Արթիկի փոքր` Մարինե կամ Սբ. Աստվածածին եկեղեցին միանավ սրահ-եկեղեցուց գմբեթաձև եկեղեցուն անցնելու նախօրինակ է, որի շնորհիվ առավելապես այն ձեռք է բերել կարևոր նշանակություն հայ ճարտարապետական մտքի համար:

Օգտագործված գրականություն
1.Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ.2, Եր., 1948թ.:
2. Հառութունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992թ.:
3. Եղիազարյան Հ., <<Շիրակի լեռնահովիտ պատմական հուշարձանները>>, Երևան,1975թ.: