Արմավիրի մարզ, պետ.ցուցակ` 4.6/1
Աղավնատունը մարզի հայտնի բնակավայրերից է, որն ունի պատմական հարուստ ավանդույթներ: Գյուղը հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից, որի խոսուն արտահայտությունն է պահպանված բազմաթիվ հուշարձանները: Համաձայն ժողովրդական ավանդության` գյուղի անունը կապվում է ջրհեղեղից հետո Նոյ նահապետի կողմից արձակված աղավնու հետ:
Գյուղի տարածքում պահպանվել են կիկլոպյան ամրոցի ավերակներ, ինչպես նաև հայտնաբերվել են մ.թ.ա. IV-III հազարամյակներին վերաբերվող աշխատանքային գործիքներ՝ քարե կացիններ և մուրճեր, աղորիքներ, քերիչներ, կենցաղային զանազան իրեր և նյութական մշակույթի այլ առարկաներ: Հայտնաբերվել են նաև երկաթից ու բրոնզից պատրաստված զանազան կենցաղային առարկաներ: Գյուղի հուշարձաններն այնքան արժեքավոր են, որ գրավել են ճարտարապետության պատմության նշանավոր տեսաբան Թորոս Թորամանյանի ուշադրությունը: Ամենահին հուշարձաններից մեկը բերդ-ամրոցն է, որը Թորամանյանի վկայությամբ ունեցել է հեթանոսական ծագում: Հետագայում բերդի տարածքում, հավանաբար Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում, պարսպապատին կից կառուցվել է քրիստոնեական եկեղեցի, որի կողքին տեղադրված է մեծ չափերի մի խաչքար:
Գյուղի շրջակայքի նշանավոր և առավել լավ պահպանված հուշարձաններից է իշխանական դամբարանը, որն անվանում են «Գումբազ»: Այն կառուցվել է սրբատաշ քարից (XIII-XIV դդ.), ունի բավականին մեծ չափեր (մոտ 8մ բարձրություն, 4մ տրամագիծ, 12մ շրջանագիծ): Դամբարանի շրջակայքում եղած տապանաքարերը ժամանակի ընթացքում գրեթե վերացել են:
Գյուղի այգիների տարածքում է գտնվում «Կարմրավոր» սրբավայրը, որը հարակից գերեզմանոցի հետ շրջափակված է 1-1,5 մ բարձրությամբ պարսպով:
Աղավնատան գործող գերեզմանոցի հարակից տարածքում են գտնվում Ս. Կարապետ եկեղեցու ավերակները, որի շուրջը պահպանվել են բազմաթիվ քանդակված քարաբեկորներ և խաչքար: Գյուղում պահպանվել են նաև X դ. Ս. Մարիամ Աստվածածին և XIV դ. Ծիրանավոր եկեղեցիների փլատակները: Ս. Մարիամ Աստվածածինը սկզբում կոչվել է Ս. Գևորգ:
Պատմական հանգամանքների բերումով կաթողիկոսական աթոռը տեղափոխվեց Կիլիկիա և միայն թգավաորության անկումից հետո (1375 թ.) օրակարգային հարց դարձավ կաթողիկոսական աթոռը մայր հայրենիք տեղափոխելու խնդիրը: Եվ մոտավորապես 6 տասնամյակ հետո (1441թ.) կաթողիկոսական աթոռը վերահաստատվեց Էջմիածնում: Այդ իրադարձության կապակցությամբ Գրիգոր Ժ Ջալալբեկենաց կաթողիկոսը գնում և Մայր Աթոռին է նվիրաբերում է 7 գյուղ: Այդ գյուղերի թվում հիշատակվում է նաև Աղավնատունը:
1604թ. Շահ Աբասի հայտնի արշավանքից հետո, Արարատյան դաշտի բազմաթիվ գյուղերի բնակչության հետ, բռնի կերպով տեղահանվածների թվում էին նաև Աղավնատուն գյուղի բնակիչները: Եվ միայն երկու դար անց` 1828 թ. փետրվարի 10-ին Թուրքմենչայում ստորագրված պայմանագրի համաձայն, Խոյից գաղթած հայկական ընտանիքները (29 տնտեսություն) վերահաստատվեցին Աղավնատուն գյուղում:
Օգտագործված գրականություն
1. Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն,Երևան, 1992:
2. Միքայելյան Վ. Ա., Արմավիրի մարզ. պատմամշակութային ակնարկ, Երևան, 2010: