Եղվարդ գյուղը գտնվում է Կապան քաղաքից հյուսիս-արևելք` 23 կմ հեռավորության վրա: Շրջակայքն անտառապատ է: Հնում կոչվել է Աղահորդ: Ստ. Օրբելյան «Սյունիքի պատմություն» աշխատության մեջ գյուղն հիշատակվում է Սյունիք աշխարհի Մյուս Բաղք կամ Քաշունիք գավառում:
Եղվարդ գյուղի կենտրոնում է գտնվում Ս. Աստվածածին եկեղեցին /պետ. ցուցիչ` 8.34.4/: Ըստ մուտքի բարավորին պահպանված արձանագրության (ՌՃԽԹ) ` կառուցվել է 1700թ.: Եռանավ, արևելյան կիսաշրջան խորանով, խորանի հարավային և հյուսիսային կողմերում տեղադրված մեկական ավանդատներով կառույց է: Աղոթասրահը երկու զույգ կամարակապ մույթերով բաժանվում է երեք թաղածածկ նավերի: Ունի երկթեք, կղմինդրածածկ տանիք: Արևելյան և արևմտյան պատերին ունի մեկական, իսկ հարավային պատին` երկու նեղ, փոքր պատուհաններ: Մուտքը հարավային ճակատից է` երիզված սրբատաշ քարերով կառուցված պարզ կամարով: Եկեղեցին կառուցված է կոպտատաշ կրաքարից` կրաշաղախով: Պատերի շարվածքում օգտագործել են նաև եկեղեցու շուրջը տարածվող գերեզմանոցի տապանաքարերի ու խաչքարերի մի մասը: Գերեզմանոցում /պետ. ցուցիչ` 8.34.4.1/ կան մի շարք գեղաքանդակ խաչքարեր, որսի և կենցաղային տեսարաններ պատկերող տապանաքարեր: Հարկ է նշել, որ տապանաքարերի մեծ մասը արձանագիր է: Գերեզմանոցի տարածքում է գտնվում Դավիթ Բեկի զինակից, Չավնդուրի իշխան Թորոսի տապանաքարը: Գյուղից մոտ 9կմ արևելք` Շուշանների դաշտում, Թորոս իշխանի հրամանատարությամբ գործող Դավիթ Բեկի ջոկատներից մեկի և Ֆաթհ-Ալի խանի զորքերի միջև 1725թ. տեղի ունեցած ճակատամարտում զոհվել է նաև Թորոս իշխանը: Չավնդուր գավառակի կենտրոն Եղվարդ գյուղում էլ հողին է հանձնվել նրա մարմինը: Թորոս իշխանի` Եղվարդ գյուղում հուղարկավորված լինելը, առիթ հանդիսացավ, որ «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը`2007-2011թթ. նորոգի Ս. Աստվածածին եկեղեցին ու բարեկարգի նրա շրջակայքը:
Գյուղից 1,1 կմ հյուսիս, անտառապատ դարավանդի վրա, «Սպիտակ աղբյուրի խաչ» կոչվող վայրում երկու` մեծ և փոքր, հատվածներով պահպանվել է XI-XIX դդ. գերեզմանոցը: Գերեզմանոցի սկզբնական տեսքը տարածքի մելիորացման հետևանքով խաթարվել է: Գերեզմանոցի փոքր հատվածի /պետ. ցուցիչ` 8.34.3.1/ հարավարևմտյան մասում նկատվում են ավերակ եկեղեցու հետքեր, հավանաբար, այդ եկեղեցին կրել է Սպիտակ աղբյուրի խաչ անունը: Տապանաքարերն ուղանկյուն, հարթ, մարդու ուրվագծային պատկերներ ունեցող սալատապաններով են: Հանդիպում են նաև տձև, կոպտատաշ քարաբեկորներով և պարզունակ խաչքարերով ծածկված գերեզմաններ:
Գերեզմանոցի մեծ հատվածում /պետ. ցուցիչ` 8.34.3.2/ արձանագրում ենք երեք թվագիր խաչքարեր: Տարածքում առկա են հնագիտական վերգետնյա նյութեր, հատկապես` խեցեղենի բեկորներ:
Օգտագործված գրականություն
1. Օրբելյան Ստ., Սյունիքի պատմություն, Երևան, 1986:
2. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 2, Երևան, 1988: