Գուսանագյուղը, որն, ըստ Ալիշանի, կոչվում է «Գափուլի» (Կափըլի, Ղափլի) հիմնադրվել է 1830-ական թվականներին` Արևմտյան Հայաստանից եկած գաղթականների կողմից: Գուսանագյուղի սահմաններում պահպանվել են նախնադարյան, նախաքրիստոնեական և քրիստոնեական շրջաններին պատկանող հուշարձաններ: Հնագիտական ուսումնասիրություններն ապացուցել են, որ գյուղը հնում եղել է մեծ ավան: Գուսանագյուղը եղել է նաև հայտնի իշխանանիստ վայր, որի ապացույցն է գյուղի մեջ պահպանված X-XII դդ. ամրոց-դղյակը (պետ. ցուցիչ՝ 7.36. 3), որին գյուղացիները անվանում են «Ղուլա»: Այսպիսի ամրոց-բնակարանները սովորաբար կառուցում էին տեղի իշխանները: Այն ուղղանկյունաձև հատակագծով կառույց է, եղել է եռահարկ` փայտյա միջհարկային ծածկերով: Երկրորդ հարկ բարձրացել են ներսից` հարավային պատի կենտրոնական մասին կից քարե սանդուղքով: Դեպի երրորդ հարկ նույնպես ներսից են բարձրացել` հյուսիսային պատին հենված փայտյա սանդուղքով: Պահապանված պատերի բարձրությունը 7 մետր է: Կառույցի արտաքին պատերի անկյուններում բրգաձև աշտարակներ են, իսկ հյուսիսային ու հարավային պատերի կենտրոնական մասերում` ուղղանկյուն ելուստներ, որոնք սանդուղքների դեր են կատարել ներսի կողմից: Ինչպես վկայում է Թ. Թորամանյանը` ավերակ բերդի տեղում եղել է բավականին ընդարձակ մի ամրոց` կիկլոպյան մեծ որձաքարերով, անշաղախ շարված հսկա պատերով: Հետագայում կառույցի վերին պատերը շարվել են սև, կիսատաշ տուֆաքարերով ու կրաշաղախով: Ամրոցը քանիցս ենթարկվել է վերանորոգումների, սակայն այժմ հուշարձանը գտնվում է կիսավեր վիճակում: Ամբողջապես քանդվել են արևելյան և արևմտյան պատերն ու վերնամասերը, ինչպես նաև բոլոր հարկերի ծածկերը: Իմիջիայլոց, 2009թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից համապատասխան թույլտվության համաձայն` սկսվել են Գուսանագյուղ համայնքի «Դղյակ-ամրոց» հուշարձանի վերականգնման և ամրակայման աշխատանքները:
Գյուղից 0.5 կմ հարավ-արևմուտք` մի փոքրիկ ձվաձև բարձունքի վրա պահպանվել է մ.թ.ա. II-I հազարամյակի «Արքայաբլուր» ամրոցը (պետ. ցուցիչ՝ 7.36.1): Բլրի գագաթի եզրերով ձգվում է ոչ մեծ որձաքարերով, առանց շաղախի շարված երկու և ավելի մետր բարձրությամբ պարսպի հետքեր և մատուռի՝ մինչև այժմ պահպանված մնացորդներ: Ամրոցի մուտքը եղել է արևմտյան կողմից: Հնագիտական բազմաթիվ գտածոներ վկայում են, որ ամրոցի մոտ գոյություն է ունեցել մ.թ.ա. II դ.- մ.թ. XIII դարերի բնակատեղի և մ.թ.ա II-I հազարամյակի դամբարանադաշտ: Քիստոնեական սովորական գերեզմաններից, ինչպես նաև քարե սալերով արկղաձև շինված գերեզմաններից գտնվել են կճուճներ և զանազան տեսակի մեծ ու փոքր ուլունքներ, բրոնզյա ապարանջաններ և այլ իրեր: Գուսանագյուղի մերձակայքում գտնվել են նաև մարդաչափ մեծությամբ կարասներ, որոնք գործածվել են որպես դագաղներ:
Գուսանագյուղից 1 կմ դեպի հարավ, «Շահ թափա» դաշտավայրում, պահպանվել է մ.թ.ա. II-I հազարամյակներին վերագրվող ևս մի ամրոց (պետ. ցուցիչ՝ 7.36.4): Թ. Թորամանյանը տալիս է հետևյալ նկարագրությունը. «Պարսպապատման մնացորդներից դեպի արևելք գտնվում է Շահ-թափա (Արքայաբլուր) կոչված արհեստական մեծ բլուրը: Այս բլուրը գտնվում է միանգամայն տափարակ դաշտի վրա, ունի նեղ ու երկար ձև: Բլուրի բարձրությունը կհասնի գրեթե 8 մետրի: Երկայնությունը ուղղված է արևելքից արևմուտք. վերևի կողմից շրջապատված է եղել հաստ պարսպով` մոտավորապես 2,70 մ. հաստությամբ: Բլուրի երկարությունը գագաթի վրայից 122 մ է, լայնությունը` 47-48 մետր: Պարիսպների համար գործածված են առանց բացառության մեծազանգված որձաքարեր, առանց շաղախի և իսկական հիմքերը գտնվում են թերևս բլուրի ութ մետր բարձրությունից ցած դաշտի հողերի վրա: Լանջերը թեքված են դեպի դուրս և վրաները երևում են, բացի շրջապատող պարսպից, շառավիղաձև պատեր` դեպի ցած նույնպես անտաշ որձաքարերով: Բլուրից ներքև գտնվում են առանձին բաժանումներ` գերեզմանների կամ դամբարանների համար: Բլուրի շրջապարիսպին դուռը հայտնի է հյուսիսային կողմի վրա»: Մյուս` մ.թ.ա. II-I հազարամյակի ամրոցը (պետ. ցուցիչ՝ 7.36.2), գտնվում է գյուղից դեպի հարավ, 1.5 կմ հեռավորության վրա: Այն հայտնի է «Բերդի յալ» անունով (Թորամանյանի մոտ հիշատակվում է «Բերդ» ձևով): «Բերդի յալ» ամրոցի պարսպապատերի արտաքին երեսները շարված են անմշակ մեծ որձաքարերով, իսկ միջուկը` համեմատաբար փոքր քարերով` առանց շաղախի: Պատերի հաստությունը 4-5 մետր է: Հարավային բերդապատը դրսի կողմից ունի ուղղանկյուն ելուստներ: Մուտքերը արևելյան և արևմտյան կողմերից են: Բերդապարիսպներից պահպանվել են ստորին մասերը` առանձին տեղերում գետնին հավասար: Ամրոցի կառուցման ժամանակը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական շրջանում, սակայն անվիճելի է, որ այն իր գոյությունը շարունակել է հետագա պատմական ժամանակահատվածում ևս: Ամրոցի շրջակայքում պահպանված պարիսպները տեղ-տեղ հասնում են 1-1.5 մ բարձրության, իսկ ներսում նկատվում են ուղղանկյուն և աղավաղված հատակագծերով կառույցների ավերակներ: Թ. Թորամանյանը նաև նշում է, որ Բերդի ներքին սահմանները բավական ընդարձակ են, նկատելի են մի շարք շինության հետքեր, կրոմլեխներ: XII-XIII դդ. բնորոշ զարդաքանդակներով խաչքարերի բեկորներ են հայտնաբերվել «Շահ թափա» վայրում` ամրոցից դեպի արևմուտք ընկած վարելահողերում: Իսկ «Բերդ յալ» ամրոց տանող ճանապարհի երկու կողմերում, գյուղից 0.6 կմ հարամ-արևմուտք, գտնվում է X-XIX դդ. վերագրվող խաթարված տեսքով գերեզմանոցը: Գերեզմանոցի կենտրոնում պահպանվել է X-XVII դդ. թվագրվող խաչքար, որը կիսով չափ խրված է հողի մեջ: Այն գորշ տուֆե ուղղանկյուն սալ է, որի դիմային շրջանաձև, խորադիր հարթության մեջ քանդակված է երկճյուղ թևերի ծայրերը գնդերով հարդարված հիմնախաչ:
Օգտագործված գրականություն.
1. Թորամանյան Թ., Նյութեր Հայկական ճարտարապետության պատմության, հ. 2, Երևան, 1948:
2. Եղիազարյան Հ., Շիրակի լեռնահովտի պատմական հուշարձանները, Երևան, 1975: