ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ 100 ՏԱՐԻ ԱՆՑ» ԹԵՄԱՅՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ 100 ՏԱՐԻ ԱՆՑ» ԹԵՄԱՅՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

2018-03-29T15:58:36+00:00 05/10/2015|Շիրակ, Լրահոս|

Հայաստանում «Եվրոպական ժառանգության օրեր» և «Գրադարանային երեկո» ծրագրերի շրջանակներում, ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության և Շիրակի մարզային գրադարանի տնօրինության հետ համատեղ, Գյումրիում օրերս բացվել է «Հետադարձ հայացք 100 տարի անց» թեմայով ցուցահանդես: Մարզային գրադարանում ներկայացվել է Անի, Կարս քաղաքների և միջնադարյան հայ շինարարական արվեսի գլուխգործոցներ Մրենի, Հոռոմոսի, Խծկոնքի, Տեկորի և այլ հուշարձաների 100 տարի առաջ արված լուսանկարները: Բացման խոսքով հանդես է եկել Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը:

Միջոցառման մասնակիցներին նախապես բաժանվել էին Արևմտյան Հայաստանի հուշարձանների մեկդարյա լուսանկարների և նրանց ներկա պահպանվածության համեմատական բուկլետները: Շիրակի մարզային ծառայության պետ Ավետիք Մելիք-Սարգսյանը հանդես է եկել դասախոսությամբ` ներկայացնելով հայկական մշակութային ժառանգության համառոտ պատմությունը, մեր ճարտարապետության բարձրարժեք կոթողների և մշակույթի հուշարձանների կրած կորուստները, այդ հուշարձանների վիճակը նախկինում ու մեր օրերում:

Ա. Մելիք-Սարգսյանն անցկացրել է նաև խորագիտակ վիկտորինա-մրցույթ «Շիրակի ճարտարապետկան դպրոցի» ազդեցությունը «Եվրոպական մշակութային ժառանգության» վրա թեմայով: Նպատակը` երիտասարդությանը հայկական ճարտարապետական բարձրարժեք հուշարձաններին ծանոթացնելն է, սեր, հարգանք ու մշակութային ժառանգության նկատմամբ պատասխանատվություն սերմանելն է :

Միջոցառմանը մասնակցում էին դպրոցների աշակերտներ, ուսանողներ, Շիրակի Գրողների միության անդամներ, մտավորականներ: Երեկոն եզրափակվել է շնորհալի երիտասարդների գրական-երաժշտական կատարումներով: