«ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ». ՍՈՒՐԵՆ ՍԱՂՈՒՄՅԱՆ

«ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ». ՍՈՒՐԵՆ ՍԱՂՈՒՄՅԱՆ

2018-03-29T16:00:43+00:00 October 19th, 2015|Վայոց Ձոր|

Հուշարձանագետ, խորագիտակ հետազոտող, հուշարձանների պահպանության գործի մեծ նվիրյալ: Այդպես էին բնութագրում նրան ճանաչողները, գիտնական-գործընկերները:

Սուրեն Տիգրանի, ինչպես սիրով ու մտերմաբար կոչում էին նրան, ծնվել է 1934 թվականին, Տավուշի մարզի Թովուզ գյուղում: 1959թ. ավարտելով Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը` մինչև կյանքի վերջին օրերը նվիրվել է հուշարձանների պահպանության հայրենանվեր գործին: Նա իր ճանաչողական ու իմացաբանական գիտելիքներով, մարդկային բարձր հատկանիշներով դարձավ սիրելի և պահանջված մասնագետ գործընկերների շրջանում: Սուրեն Սաղումյանը սպասված հյուր էր մեր հանրապետության գրեթե բոլոր վայրերում` մասնավորապես Վայոց Ձորի գյուղերում այսօր էյ սերնդակից բնակիչները ակնածանքով են հիշում մեծանուն գիտնականին: Շատինցի ավագ սերնդի ներկայացուցիչ Սասնիկը` դիմելով ինձ հարցրեց, թե ինչու Սաղումյանը չի գալիս իրենց գյուղ հուշարձանների վիճակն ուսումնասիրելու: Պատասխանեցի, որ ցավոք նա մահացել է: Նայելով ինձ` արտաբերեց.
– Ափսոոոս, էդ մարդը իրավունք չուներ մեռնելու: Էն մեր քարերի լեզուն խասկընաս էր: Խազար ափսոս…

Շրջելով Հայաստանի տարածքներում, նա հավաքել ու վերծանել է հազարների հասնող վիմագիր արձանագրություններ: Նրա գրչին են պատկանում արժեքավոր հարյուրավոր ուսումնասիրություններ` նվիրված ծածկագրությանը, զարդագրությանը և համառոտագրությանը: Նա ուսումնասիրություններ է կատարել Նորավանքում, Շատին վանքում, Մարտիրոսում, Արենիում, Գլաձորի համալսարանում:

2001թ. թվականի հուլիս ամիսն էր: Քարտուղարուհին հայտնեց, որ Սաղումյանը վատառողջ է: Մտնելով աշխատասենյակ` նկատեցի, որ գրասեղանին թափված էին թղթեր, թղթապանակներ ու գրքեր… Հասկացա, որ արխիվն էր իմի բերում: Բարևելով անմիջապես ներկայացրեցի այն խնդիրները, որոնք մտահոգում էին յուրաքանչյուրիս.
– Ճանապարհաշինարարության նախարարի մոտից եմ գալիս, հանձնարարեց, որ Դադալի կամուրջի ամրակայման աշխատանքներն սկսենք…

Հայացքը բարձրացրեց թղթերի վրայից, ներողամտաբար ժպտաց ու ինձ մեկնեց մի քանի թղթապանակ.
-Սրանք քո Դարալագյազին են վերաբերվում… պահիր, պետք կգան…

Բռնելով հավերժի ուղին Սաղումյանը` սերունդներին թողեց բազմաթիվ կիսատ գործեր ու ծրագրեր:
«Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը անդրադառնալով Սաղումյանի գիտական վաստակին` արձանագրեց «…Սուրեն Սաղումյան մարդու և գիտնականի կյանքի ու գործունեության բնութագիրն անընդգրկելի է, նրա կորստյան ցավը խոր և զգալի կլինի դեռ երկար ժամանակ…»:

Ընթերցողին ենք ներկայացնում հատված Սուրեն Սաղումյանի «Արենիի նորահայտ վիմագրերը» հոդվածից` տպագրված ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրում /Երևան 1976թ. № 10/:

Արենին /Արփա/ Վայոց Ձորի հինավուրց և նշանավոր բնակավայրերից է: Գյուղի և, առհասարակ, այդ հատվածի պատմությունն ամբողջացնելու համար կարևոր են այնտեղ պահպանվող վիմագիր արձանագրությունները, որոնք սկսած անցյալ դարի կեսերից արժանացել են տեղագրողների ու պատմաբանների ուշադրությանը:

Արենի գյուղի հնագույն վիմագիրը հայտնաբերվել է 1971թ. սբ. Աստվածածին եկեղեցուց մի փոքր հարավ` գերեզմանոցում:

Թերատված խաչքարի ստորին մասում, խաչքանդակի և ագուցման պոչի միջև փորված քառանկյունի փոսորակում գեղեցիկ, կանոնավոր մանր տառերով փորագրված է. «…Ախթամարյան զարմքն… ի հին ժամանակաց բնակեալ էին Առփայ գիուղն…»: Նորահայտ արձանագրության հավաստմամբ Ախթամար Արփայեցին XII դարի վերջում և XIII դարի սկզբում, նախքան Զաքարյանների կողմից Սյունիքի ազատագրումը եղել է Վայոց ձորի իշխանապետը: Եվ պատահական չէ, որ նա նշանակալից դեր է խաղացել նահանգի քաղաքական ու մշակութային կյանքում: Անվանի զորապետը Վասակ Խաչենցու /Պռոշ իշխանի հոր / հետ XIII դարի սկզբում «… հրամանով և ուժով Իվանէի …» ազատագրել է գավառի ռազմապաշտպանական կարևոր հանգույց Հրասեկա բերդը: Ախթամարյանները լրջորեն մտահոգվել են նաև Նորավանքի նյութական ապահովության խնդրով և վանքին են նվիրել իրենց հայրենական Դայեկի քարի այգու վերին բաժինը:

Նորահայտ վիմագրի վկայությամբ. Գրիգորի որդի Ախթամարը XII դարում Արենիում կառուցել է «Աղոթքի տուն» եկեղեցի, որի առթիվ դրել է այս խաչքարը: «Աղոթքի տուն» եկեղեցին`եղել է 1321թ. Մոմիկի կողմից կառուցված և ներկայումս պահպանված տաճարի հյուսիսային մասում, որի ստորին շարքերը պետք է որոնել ավերակների տակ:

Նորահայտ հաջորդ վիմագրությունը գտնվում է եկեղեցու հյուսիսային պատի վրա: Պատին քանդակված բազմաթիվ խաչքարերի շարքում փորագրված են 28 անուններ /1556թ./, որոնք հավանաբար այդ տարում սպանված արենցիների անուններ են /վերծանել է բոլորի անունները/: Այդ եղեռական տարում սպանել են նաև արենցի Փիրիբեկին ու նրա որդի Զոհրապին, որոնց աճյունները ամփոփվել են եկեղեցու բակում: Փիրիբեկի եղբայր Մեհրապը կանգնեցրել է ճոխ քանդակներով տապանաքարեր ու խաչքարեր: Դրանցից մեկը` Փիրիբեկ II-ի խաչքարը պահպանվել է: Կոտրված խաչքարերից մեկի քիվի վրա ընթերցվում է. «ԵՍ ՄԵՀՐԱՊ ԱՂԷՍ …ԻՄ ՓԻՐԻԲԵԿԻՆ…»: Տապանաքարերից մեկի վրա կարդում ենք. «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԶԶԱԻՐ ՀՐԱՊԻՆ, ՈՐ Է ՈՐԴԻ ՓԻՐԻԲԵԿԻՆ …..ՈՐ ԱՆՄԵՂ ԿՈՏՈՐԵՑԻՆ …»:

…Արենիի վիմագրերը գյուղի ավելի քան 600-ամյա ժամանակահատվածի /1191-1815/ պատմության խոսուն վկաներն են, որոնք պարունակում են ժամանակագրական, պատմական, սոցիալական, կառուցողական կյանքի մասին թեև համառոտ, բայց եզակի տվյալներ: Այդ վիմագրերում հիշատակվող անձնանունները, տեղանունները, տառերի հնագրական ինքնատիպությունները արժանի են մասնագիտական հատուկ քննության: