Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայությունը, Աբովյանի հանրային գրադարանի հետ համատեղ, այդ հաստատությունում կազմակերպել է հանդիպում-քննարկում, որի ընթացքում ներկայացվել են Կոտայքի մարզի մի շարք հուշարձաններին առնչվող խնդիրները: ՊՄՊ մարզային ծառայության գիտական աշխատող Արամայիս Սեդրակյանը ցուցադրված լուսանկարների միջոցով ավելի մատչելի ու հստակ է ներկայացրել մարզի ժայռապատկերների ու վիշապաքերի (մեծ մասը չուսումնասիրված), եկեղեցիների ու վանքերի պահպանության խնդիրները: Անդրադարձ է կատարվել 6000 տարվա հուշարձաններից մինչև զարգացած միջնադարի գեղաքանդակ խաչքարերը, ցուցադրվել են տարբեր վայրերից գտնված քարե գործիքների լուսանկարներ: Արամայիս Սեդրակյանը խոսել է նաև մարզի դժվարամատչելի բարձունքներին գտնվող այն հուշարձանների մասին, որոնք երբեմն տեղաշարժում են ու վնասվում: Պատճառը չիմացությունն է, այդ բացը լրացնելու նպատակով էլ հանրային գրադարանում կազմակերպվել էր քննարկումը, որպեսզի նախ աշխատակիցները ծանոթանան պատմամշակութային ժառանգությանն, ապա նաև իրազեկեն ընթերցողներին:
Քննարկումն ավարտվել է գրադարանի աշխատակիցների ակտիվ հարցադրումներով, ՊՄՊ մարզային ծառայության պետ Կամո Հակոբյանն ու գիտաշխատող Արամայիս Սեդրակյանը պատասխանել են հուշարձանների ուսումնասիրմանն ու պահպանության խնդիրներին վերաբերող հարցերին:
Միջոցառման ավարտին գրադարանի աշխատակիցները շնորհակալություն են հայտնել հետաքրքիր քննարկման համար և առաջարկել նման հանդիպումները դարձնել ավելի հաճախակի: