ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ ԳՅՈՒՂԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ ԳՅՈՒՂԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Արարատի մարզ, պետ. ցուցիչ` 3.43.9

Արարատի մարզի Զանգակատուն գյուղը գտնվում է Երևան-Եղեգնաձոր ավտոմայրուղու վրա, մարզկենտրոնից 56 կմ դեպի հարավ-արևելք: Զանգակատունը (նախկինում` Սովետաշեն, Չանախչի) սփռված է Արաքս գետի ձախակողմյան վտակ Արածո գետի ձախ ափին, Գեղամա լեռնաշղթայի հարավային լանջին, բարձրաբերձ լեռներով շրջապատված, ծովի մակերևույթից 1700 մ բարձրության վրա:

Վաղ ժամանակներից այս վայրերը հայոց Շարուր գավառի լեռնամասերն էին` Վայոց Ձորի ջրբաժան լեռնագծով: Շարուր անունը բնիկ հայկական է և նշանակում է շար-ու-րել, այսինքն` ցորեն հավաքել, խրձել, կուտակել: Խորենացին այսպես է գրել. «Ի դաշտին, որ անվանեալ կոչի Շարուրա», իսկ Ստ. Օրբելյանը հիշատակելով բնակավայրի մասին` գրում է. «Հայաշատ դաշտն Շարուրա»: Ներկայիս բնակավայրի շրջակայքը Օրբելյանը անվանում է Երերուս: Ենթադրվում է, որ ավերված Իրանիս գյուղը Երերուսի աղճատված ձևն է: 1828 թվականին` Թուրքմենչայի հաշտության պայմանագրի կնքումից հետո` Խոյից այստեղ տեղափոխվեցին հայ գաղթական ընտանիքներ` հաստատվելով Երերուսի ավերակների շրջանում: Ականավոր հայագետ Ղևոնդ Ալիշանը իր կոթողային «Սիսական» աշխատության մեջ ևս անդրադարձել է բնակավայրին` նշելով. «Միայն մեծագույն գյուղը Չանախչի Նոր, յորմե և գետն կոչեցավ»: Միջնադարում գյուղը համարվել է գավառի վարչամշակութային կենտրոններից մեկը: Հորթուն /պետ. ցուցիչ` 3.43.2./ գյուղատեղին գտնվում է Զանգակատնից 4-5 կմ դեպի հյուսիս` համանուն ձորում, Արածո գետի վերին հոսանքում: Այն այս տարածքի հնագույն բնակավայրերից է: Գյուղատեղիի տարածքում պահպանվել են կիսավեր եկեղեցին, խաչքարերով գերեզմանոցը, իսկ ավերակների մեջ հանդիպում են տարբեր մեծության ու ժամանակների գերեզմանաքարեր ու խաչքարեր: Հուշարձաններն իրենց թվագրությամբ ընդգրկում են IX-XX դարերը: Կիսավեր եկեղեցին /պետ. ցուցիչ`3.43.2.2./, կառուցվել է տեղական սպիտակ քարով և գտնվում է գյուղատեղիի կենտրոնում` քարաժայռի վրա: Այն միանավ բազիլիկ կառույց է: Աչքի է ընկնում ճարտարապետական կառուցողական արվեստի յուրօրինակ առանձնահատկություններով (XII-XIII դդ): Պահպանվել է միայն հյուսիսային պատը: Գերեզմանոցում պահպանվել են երկու տասնյակի հասնող տապանաքարեր ու խաչքարեր (IX-XI դդ): Խաչքարերը գտնվում են կամ ընկած, կամ թեքված վիճակում: Այստեղ է գտնվում Արարատի մարզի ժամանակագրական առումով ամենահին խաչքարերից մեկը /պետ. ցուցիչ`3.43.2.1.1./, այն ունի պարզ հորինվածք, իսկ ստորին մասում կարդում ենք. « ՅԻԵ» (876թ.): Հորթունից 1 կմ արևմուտք բարձրադիր բլրի վրա է գտնվում «Սպիտակ Վանք» /պետ. ցուցիչ`3.43.3./ գյուղատեղին: Պահպանվել է գյուղատեղիի եկեղեցական համալիրի ավերակները (XIII դար), որի մաս է կազմում նաև III դարում կառուցված եկեղեցին` իր գավիթով և քարայր-կացարանով:

Զանգակատնից դեպի հյուսիս` բլրի վրա հանդիպում ենք խաչքարերի, որոնք ժամանակագրական կտրվածքով ընդգրկում են XI-XVII դարերը: Այդ խաչքարերը այստեղ են տեղափոխվել 1940-ական թթ.-ին Հորթուն գյուղատեղիից: Ամենայն հավանականությամբ ծառայել են որպես տապանաքարեր: Բլրից փոքր ինչ դեպի հյուսիս` Թաղավանք վայրում է կառուցվել Սբ. Հովհաննես եկեղեցին /պետ. ցուցիչ` 3.43.4./: Այն հիմնադրվել է 1811թ., իսկ 1974թ. բարերար Գ. Քոչարյանի օժանդակությամբ հիմնովին վերակառուցվել է: Եկեղեցու մուտքի մոտ և ներսում պահպանվել են IX-XVII դարերին պատկանող յոթ խաչքարեր:

Զանգակատուն գյուղը հայտնի է որպես մեծանուն բանաստեղծ, գրականակագետ Պարույր Սևակի ծննդավայր: Նրա տան հարևանությամբ է գտնվում տուն-թանգարանը /պետ. ցուցիչ`3.43.9./, որտեղ պահվում են ինչպես անձնական իրեր, այնպես էլ ձեռագրերի պատճեններ, թվով 700 ցուցանմուշներ և 1000-ից ավել գրականություն:

Թանգարանը բացվել է բանաստեղծի մահվան տասնամյա տարելիցի օրը` 1981թ. հունիսի 17-ին, ճարտարապետն է Ջիմ Թորոսյանը: Ցուցասրահում նկարիչ Սուրեն Մուրադյանի որմնանկարների միջոցով պատկերված է բանաստեղծի կյանքը: Տան բակում է գտնվում մեծ բանաստեղծի և նրա կնոջ` Նելլի Մենաղարիշվիլու գերեզմանը:

Օգտագործված գրականություն
1. Հակոբյան Ս., Վեդի, Երևան, 2004:
2. Խանզադյան Ս., Հայրենապատում, /գիրք Գ/, Երևան, 1984:
3. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, 1974: