ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՔԵՆՅԱՑ ՎԱՆՔ

ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՔԵՆՅԱՑ ՎԱՆՔ

Գեղարքունիքի մարզ, գյուղ Մաքենիս, պետ. ցուցիչ` 4.64.9

Մաքենյաց վանք վանական համալիրը համարվում է Գեղարքունիքի մարզի այն հուշարձանախմբերից մեկը, որը հանդիսանում է Սյունյաց ճարտարապետական դպրոցի արգասիք: Նրա մասին մատենագրական տեղեկությունները հասնում են մինչև VII դար: Այն եղել է ժամանակի ամենահայտնի վանքերից մեկը, և առավելապես հայտնի է` որպես հոգևոր-կրթական և մշակութային կյանքի կենտրոն:

IX դարի վերջում Սյունյաց իշխան Գրիգոր Սուփանը նորովի է կառուցում է 727թ.-ին Ատրպատականի Բաբան զորավարի կողմից ավերված Մաքենյաց վանքը` հիմք դնելով ս. Աստվածածին եկեղեցուն / պետ. ցուցիչ` 4.64.9.1/: Նա եկեղեցու արևելյան պատի վրա գրել է տվել մի մեծ արձանագրություն, որի բեկորներն են միայն պահպանվել: Պատմագիր Ստ. Օրբելյանը արտագրել է այն և տպագրել` իր աշխատության մեջ. «Աստծու կամոք, ես` Սուփան Սյունյաց իշխանս, շինեցի Մաքենացոս այս եկեղեցին»:

Համալիրը բաղկացած է 37 միավոր ենթահուշարձաններից, որոնցից գլխավորներն են ս. Աստվածածին եկեղեցին, գավիթը, երկու թաղածածկ եկեղեցիները, մեկ միանավ եկեղեցին, գերեզմանոցը և պարիսպը:

Ս. Աստվածածնի գլխավոր տաճարը գտնվում է բակի ներսում, այն ներքուստ խաչաձև, գմբեթավոր է, անկյուններում ունի խորաններ: Այստեղ երևում են նաև բազմաթիվ խուցերի և այլ կառույցների ավերակներ: Եկեղեցու շրջակայքում պահպանվել են խաչքարեր, որոնք ժամանակագրական առումով համապատասխանում են IX-X դարերին:

Ս. Աստվածածնի արևմտյան կողմում է գտնվում X դարում ավելացրած հասարակ գավիթը / պետ. ցուցիչ` 4.64.9.2/, որի պատերի միայն կեսն են պահպանվել: Գավիթի տարածքում նույնպես կան XV-XVI դդ. մի քանի խաչքարեր, որոնցից հատկապես ցանկանում ենք առանձնացնել 1451թ.- ին և 1546թ.-ին կանգնեցված տեր Պետրոսի և Հովհաննես սարկավագի խաչքարերը:

Պարսպից դուրս կանգուն են մնում երկու թաղածածկ եկեղեցիները /պետ. ցուցիչ` 4.64.9.4 և 4.64.9.5/: Դրանցից դեպի հարավ գերեզմանոցն է, ուր այժմ պահպանվել են մի քանի խաչքարեր /պետ.ցուցիչ `4.64. 9.6/:

Ս. Աստվածածնի արևմտյան կողմում էր գտնվում VII դարում կառուցված միանավ եկեղեցին, որն ամբողջովին ավերված է /պետ. ցուցիչ` 4.64.9.3/: Եկեղեցու դիրքի անառիկությունը պայմանավորված էր պարսպի առկայությամբ, որը համարվում է IX-XI դդ. կառույց / պետ. ցուցիչ` 4.64.9.7/: Այն իր շարվածքի մեջ ունի XVI դարի մի քանի խաչքարեր, որոնցից մեկն արձանագիր է:

Օգտագործված գրականություն և փաստաթղթեր.
1. Ս. Գ. Բարխուդարյան, « Դիվան հայ վիմագրության», Երևան, 1973թ.
2. Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ
3. Սամվել Հակոբյան, «Գեղարքունիքի մարզ, պատմական հանրագիտարան», Երևան, 2010թ: