ՆՈՐ ԿՅԱՆՔԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

ՆՈՐ ԿՅԱՆՔԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

2015-11-12T14:27:40+00:00 November 12th, 2015|Շիրակ, Լրահոս, Հուշարձաններ|

Գյուղը գտնվում է Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, ծովի մակարդակից 1630 մ բարձրության վրա: Թ. Թորամանյանը Նոր կյանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու (պետ. ցուցիչ՝ 7.87.5) մասին գրում է, որ «Լենինականից հարավ-արևելք 10-12 կիլոմետրի վրա մի գյուղ է, որի մեջ կա մի 7-րդ դարու եկեղեցի: Հնագույն շատ հետաքրքրական մի եկեղեցի արտաքուստ ուղղանկյուն խաչաձև: Հյուսիսային պատին վրա կային զանազան արձանագրություններ, որոնցմե մեկը ուռուցիկ տառերով շատ գեղեցիկ քանդակված»: Զանազան նվիրատվությունների և հարկաբաշխման վերաբերյալ այդ արձանագրություններից մեկը թվագրված է ՆԾԲ (1003թ.), իսկ ուռուցիկ տառերովը` ՆԺ (961թ.):

Եկեղեցին ունի կենտրոնագմբեթ կառուցվածք` խաչաձև հատակագծով: Գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է: Արևելյան խաչաթևում կիսակլոր աբսիդը ցածրիկ բեմով է, մյուս խաչաթևերը` ուղղանկյուն: Եկեղեցու պատերը կանոնավոր շարքերով են, սրբատաշ վարդագույն-դարչնագույն տուֆաքարերով և կրաշաղախով: Արևմտյան կողմից մեկ ուրիշ եկեղեցու կառուցման կապակցությամբ քանդել են հին եկեղեցու արևմտյան պատը և քանդված գմբեթի բացվածքը ծածկել փայտով` սողոմաքաշ երդիկի ձևով:

Թ. Թորամանյանի` հուշարձանը VII դ. կառույցների շարքին դասելու թվագրումը, ընդունել է նաև Իոսիֆ Ստրժիգովսկին: Չափազանց արժեքավոր է նաև Թ. Թորամանյանի 1913-ին այս հարցի կապակցությամբ Նիկողայոս Մառին ուղղված նամակը. «Այս եկեղեցին թեև բոլորովին նախնական վիճակի մեջ չէ մնացած, արևմտյան կողմե քանդվեր է և վրան հավելվածներ են արած, սակայն ըստինքյան մնացած ցույց կուտան, թե մինչև VII դար գոյություն ունեցող ոճին կպատկանին»: Հուշարձանից չի պահպանվել միայն գմբեթը` թմբուկի հետ միասին: Հնագույն այս կառույցը վերանորոգվել և որոշ փոփոխություններ է կրել հավանաբար ΧIΧ դ., որի ընթացքում օգտագործվել է նաև սև տուֆ: Արևելյան և հարավային ճակատներում երեսապատումը վերանորոգելու հետ մեկտեղ, խաչաթևերի արտաքին եզրագծով քիվերի վրա ավելացրել են շարքեր: Արևելյան և հարավային խաչաթևերում բացվել են լուսամուտներ, քարե շարվածքով փակվել է հյուսիսային մուտքը, իսկ արևմտյան` գլխավոր մուտքը փոխարինվել է խաչաթևի լայնությամբ ձգվող կամարաձև բացվածքով: Հուշարձանի ուշագրավ առանձնահատկություններից մեկը արևելյան և հարավային լուսամուտների բացակայաթյունն է: Այս լուծումը հաստատում է Նոր կյանքի եկեղեցու սերտ առնչությունը վաղ միջնադարի պաշտամունքային կառույցների հետ:

Կառույցի ներսում` հարավային պատի կենտրոնում, գոգավոր խորշ է արված: V-VII դարերի կենտրոնագմբեթ փոքր շինություններից և ոչ մեկը այսպիսի խորշ չի ունեցել. այժմ առկա փոքր խորշերը, ավազանների հետ միասին, փորվել են ավելի ուշ` VII դ. հետո: Մինչդեռ Նոր կյանքի հուշարձանում խորշն արված է ի սկզբանե: Հավանական է, որ դա նախատեսվել է ինչ-որ արարողության՝ թերևս մկրտության համար:

Հնագույն շինությունների հետ Նոր կյանքի եկեղեցու ճարտարապետական հորինվածքի և նրա մանրամասների սերտ առնչությունները (շեշտված պայտաձև թաղեր, արևելյան և հարավային խաչաթևերում լուսամուտների բացակայություն, հյուսիսային մուտքի կառուցողական լուծում, արևմտյան զույգ լուսամուտ, բարավորի վրա առկա հնագույն հավասարաթև խաչ) հիմք են տալիս Նոր կյանքի հուշարձանը թվագրել VI դ.:

Օգտագործված գրականություն.
1. Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. 2, Եր., 1948: 2. Գրիգորյան Վ., Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Երևան 1982: 3. Եղիազարյան Հ., Շիրակի լեռնահովտի պատմական հուշարձանները, Երևան 1975: