Լոռու մարզ, գ. Թեղուտ /պետ. ցուցիչ` 5.37.7/:
Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերը ոչ վաղ անցյալում՝ հաշվառվել են որպես մեկ համայնք, երկու գյուղերի շրջակա միջավայրերն էլ աչքի են ընկնում ինչպես հնագույն, այնպես էլ միջնադարյան հուշարձանների առատությամբ, իրենց ինքնատիպ ու խայտաբղետ անվանացանկով` Փիջուտ, Բովեր, Բրագձոր, Բացրել,Կայծոն, Մանստև, Ձորիգեղ, Խռատանոց, Ղարաքոթուկ, Շինու խեչ, Դուքանաձոր և այլն …
Ձորիգեղի կամուրջը գտնվում է Թեղուտ գյուղից 3 կմ հյուսիս-արևելք` Գուլաբի կոչվող սարի ստորոտում, Մանստև գետակի աջափնյա անտառապատ հատվածում, ժայռեղեն նեղ ափեր ունեցող նպաստավոր վայրում: Քարե կամուրջը կապում է Մանստևի Սրբավայրը Ձորիգեղ կոչվող հին բնակավայրի հետ: Ցավոք այն՝ կիսով չափ փլուզված է…
Միաթռիչք է, ունի 6 մ լայնությամբ կիսաշրջան կամարային բացվածք, որի կենտրոնը զգալիորեն բարձր է հենման կետերից: Վերջիններիս վրա կամարի կրունկները նստում են ուղղաձիգ պատերի շնորհիվ: Երթևեկելի մասը հողածածկ է` 3մ լայնությամբ:
Կամուրջը կառուցված է սրբատաշ բազալտե ոչ խոշոր քարերով: Աչքի է ընկնում տեղանքի հետ ունեցած ներդաշնակ կապով, կառուցողական բարձր հատկանիշներով: Կամուրջն այս տեսքով մեզ է հասել XVII դ. վերջնանորոգման շնորհիվ:
Օգտագործված գրականություն
1. Գառնիկ Շախկյան, «Լոռի Պատմության քարակերտ էջերը»