ԵԱԶ-Ի ՀՈՒՇԱՐՁԱՆ

ԵԱԶ-Ի ՀՈՒՇԱՐՁԱՆ

Կոտայքի մարզ, պետ. ցուցիչ` 6.38.7

Երկրորդ Աշխարհամարտում զոհված համագյուղացիների հիշատակին նվիրված հուշակոթողը գտնվում է գյուղի հյուսիսային եզրին, բլրի վրա և գերիշխող դիրք է գրավում ինչպես գյուղի, այնպես էլ շրջակայքի վրա: Դարչնակարմրավուն տուֆից կերտված հուշարձանը կառուցվել է 1975 թվականին: Այն հայկական վաղ միջնադարյան շրջանի մահարձան-կոթողներին է հիշեցնում /Օձուն, Աղուդի/, եռասյուն է, երկկամար: Ամենավերին հատվածը ունի սրի բռնակի տեսք, որն այնուհետև շարունակվում է զույգ կամարների միջնամասով ներքև` թողնելով լայնաշեղբ սրի տպավորություն: Սյունաշարն ունի միասնական հիմք, որի վրա կնոջ և զինվորի հարթաքանդակներ են, կենտրոնական մասում` խաղաղության խորհրդանիշ համարվող ձիթենու ճյուղը ձեռքին կնոջ պատկեր է: Նրանից քիչ ներքև արևաքանդակ է, որպես հավերժության, կյանքի, լույսի ու ջերմության խորհուրդ:

Հուշակոթողը բարձրանում է պատվանդան-դամբարանի վրա, որի մուտքի երկու կողմերում առյուծների պատկերաքանդակներ են, որպես ուժի խորհրդանիշ: Կառույցի ընդհանուր բարձրությունը հասնում է մոտ 18 մետրի:

Հուշարձանի պահպանական գոտին զբաղեցնում է 0,1 հա. հողատարածք: