ՇԻԿԱՀՈՂ ԳՅՈՒՂԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

ՇԻԿԱՀՈՂ ԳՅՈՒՂԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Սյունիքի մարզ, պետ. ցուցիչ` 8.72

Շիկահող անունը առաջին անգամ հիշատակվում է XIII դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» աշխատությունում: Այն Շիկահողք տարբերակով նշված է Սյունիքի Կովսական գավառի Տաթևի հայրապետական աթոռին հարկատու գյուղերի ցուցակում, 12 միավոր հարկաչափով: Բարեխառը կլիմա, գետակներ, աղբյուրներ, անտառներ, արևկող լանջեր ունեցող այս գյուղը հայտնի է դեռ վաղ ժամանակներից: Կապանի մեզ հայտնի հնագույն բնակատեղին Շիկահողի Քըրկտոր /Քարկտուր/ հնավայրն է, որտեղից հայտնաբերված քարե կացինները հնագետ Պավել Ավետիսյանը վերագրում է Ք.ա. VII հազարամյակին, այսինքն` նորքարեդարյան ժամանակաշրջանին: Ղևոնդ Ալիշանի վկայությամբ, գյուղից վեր, գետակի ամենավերին մասում գոյություն է ունեցել նաև Վերին Շիկահող անունով գյուղ, որը հավանաբար զբաղեցրել է ներկայիս «Աքլորի քար» կոչվող գյուղատեղիի տարածքը:

Գյուղի կենտրոնում է գտնվում XVI դարի կառուց հանդիսացող Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցին /պետ. ցուցիչ` 8.72.11/: Բեմի վրա ագուցված մի վիմագրից երևում է, որ ներկա շինության տեղում եղել է XIII դարի կառույց (1215): Գյուղի տարեցները հիշում են, որ եկեղեցու վրա եղել է փոքրիկ զանգաշտարակ: Եկեղեցին կառուցված է արևելյան ու հարավային կողմերից ձորակներով եզերված գյուղամիջյան մի բարձունքի վրա: Թեք տեղանքի պատճառով հյուսիսային պատը մխրճված է հողի մեջ: Ունի կիսաշրջան խորանին կից ուղղանկյուն ավանդատներով թաղածածկ դահլիճի հորինվածք: Թաղն ամրացված է հյուսիսից և հարավից պատերի կենտրոնական մասերում տեղադրված որմնասյուներին հենված կամարով: Մուտքը հարավային կողմից է: Աղոթասրահը լուսավորվում է արևմտյան և հարավային պատերի վրա եղած մեկական ու արևելյան պատի երեք պատուհաններով: Կառուցված է անմշակ քարերով: Եկեղեցու շուրջը, առավելապես հարավային կողմում գերեզմանոցն է, որտեղ ամփոփված են Տեր-Մովսիսյան,Մելիք-Նուբարյան հոգևոր հայրերը: Ինչը մեկ անգամ ևս հաստատում է, որ Նուբարյանների մելիքական տոհմը ծագում է Շիկահող գյուղից, որի ներկայացուցիչներից է եղել նաև հայ մեծանուն ազգային գործիչ ու բարերար Պողոս Նուբար Փաշան:

Գյուղի կենտրոնում 1968թ. կառուցվել է Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը /պետ. ցուցիչ` 8.72.14/: Սպիտակ մարմարե սալիկներով երեսապատված վեր խոյացող հուշասյան կողքին տեղադրված է հուշապատ, որի վրա հավերժացած են զոհվածների անունները: Համալիրի սկզբնամասում, դեպի վեր տանող աստիճանների երկու կողմերում 1999թ. տեղադրվել է Արցախյան պատերազմում զոհված 27 համագյուղացիներին նվիրված հուշաղբյուր -խաչքարը:

Գյուղից 4կմ հյուսիս` Շիկահող-Կապան ավտոճանապարհին հարող հատվածում է գտնվում Բրեստի պաշտպանության համար զոհված Թավադ Բաղդասարյանի և նրա ընկերների հիշատակին նվիրված հուշաղբյուրը /պետ. ցուցիչ` 8.72.13/:

Գյուղի մեջ, Շիկահող գետակի վրա է գտնվում 1886թ. կառուցված կամուրջը /պետ. ցուցիչ` 8.72.12/: Այն կամարակապ միաթռիչք կամուրջ է, որի ճակատային պատերը և թաղը կառուցված են կոպտատաշ բազալտով ու գետաքարերով, իսկ թաղի եզրակամարները` սրբատաշ բազալտով: Կամրջի մոտ պահպանվել են «Կիրակոսանց» անունով հայտնի ջրաղացի ավերակները:

Գյուղի չորս կողմերում տարածվում են «Ղշլաղ», «Աքլորի Քար», «Եղցըհանդ», «Վերին Եղցըհանդ» միջնադարյան գուղատեղիները /պետ. ցուցիչներ` 8.72.2 – 8.72.5/: Գյուղի գրեթե ողջ տարածքում` «Սպիտակ հողեր», «Կապեն արտ», «Թթուջուր», «Կարմիր հողեր» և «Քարաղբյուր» հանդամասերում սփռված են Ք.ա. II հազարամյակի վերջից I հազարամյակով թվագրվող հինգ դամբարանադաշտեր /պետ. ցուցիչներ` 8.72.6 – 8.72.10/: 1970-ական թվականներին Օնիկ Խնկիկյանի կատարած պեղումների ընթացքում քարարկղային դամբարաններից հայտնաբերվել են բազմաթիվ բրոնզե և կավե առարկաներ, որոնց մի մասը պահպանվում է Կապանի երկրագիտական թանգարանում:

Օգտագործված գրականություն
1. Ստ. Օրբելյան, Պատմություն նահանգին Սիսական, Երևան, 1986
2. Ղ. Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893
3. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 3, Երևան, 1988