«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ը ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ը ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

2021-11-17T14:05:33+00:00 22/01/2016|Արագածոտն, Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դեռևս 2012թ. հոկտեմբերի 16-ին հաղորդում է ուղարկել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժին` ահազանգելով Քաղաքատեղի «Լազարավան» հանրապետական նշանակության հուշարձանի /պետ. ցուցիչ` 2.68.2./ տարածքում իրականացված ապօրինի հողաշինարարական աշխատանքների մասին: Փաստի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատաքննության ընթացքում հանցագործություն կատարած անձը իրեն մեղավոր է ճանաչել և պատրաստակամություն հայտնել վերականգնել հուշարձանին հասցված 2 մլն 810 հազար ՀՀ դրամի վնասը /գումարի չափը հայցվոր կողմը ներկայացրել էր հիմք ընդունելով մասնագիտական եզրակացությունը/: 12.05.2015թ. դատարանի վճռով վերոնշյալ անձը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քր. օր. 264-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Կիրառվել է «ՀՀ անկախության հռչակման կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ԱԺ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը և ամբաստանյալը ազատվել է պատժի կրումից: Հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնելու պահանջով ՊՈԱԿ-ի ներկայացրած 2 մլն 810 հազար ՀՀ դրամի պահանջով քաղ. հայցը թողնվել է առանց քննության՝ վերապահելով քաղ. դատ. կարգով հայց հարուցելու իրավունք: Դատավճռի դեմ ՊՈԱԿ-ը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ համաներման ակտի կիրառման և քաղաքացիական հայցի մասով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ՝ 16.10.2015թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է և դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը վճռաբեկ բողոք է ներկայացրել:

Հ. Գ. Քաղաքատեղին ընկած է Ղազարավան գյուղից 2,5 կմ դեպի հյուսիս, Շահվերդ գետի ձախ ափի երկայնքով: Զբաղեցնում է 35-40 հա տարածություն: Չնայած տարածքում գտնվող հուշարձանների զգալի մասը ժամանակի ընթացքում էական վնասներ են կրել, սակայն հնարավոր է պատկերացում կազմել դրանց նախնական վիճակի մասին: Քաղաքատեղիի տարածքում գտնվող միջնաբերդը /պետ. ցուցիչ`2.68.2.1./ և նրանից դեպի հյուսիս-արևելք տարածվող դամբարանադաշտը /2.68.2.2./ թվագրվում են մ.թ.ա. II-I հազարամյակներով (XIV-IX դդ.): Այն գտնվում է քաղաքատեղիի հյուսիսային մասում` զբաղեցնելով 1,5 հա տարածություն: Կառուցված է մեծ, անմշակ քարերից: Արևմտյան կողմից կից է Շահվերդի կիրճին, մնացած կողմերից` պաշտպանված է հզոր պարիսպներով (հարավային կողմից եռաշար պարիսպներով): Միջնաբերդն ունեցել է պարսպաշղթայի հիմնական զանգվածից 4-5 մ դուրս խոյացող, դեպի քաղաք ուղղված տասը մեծ աշտարակներ, որոնց ճակատային երկարությունը հասել է մինչև 17 մ-ի: Երեք կղզյակներով պահպանված դամբարանադաշտի տարածքում պահպանվել են կրոմլեխներ, բազալտե սալաքարերով պատրաստված դոլմենատիպ շինություններ: