Արարատի մարզ, գ. Այգավան, պետ. ցուցիչ` 3.8.2.
Վեդի գետի աջ գետահովտի ձորակներով կտրված սարահարթի վրա է տարածվում «Կարակոյուն» կամ «Սև ոչխար» գյուղատեղին: Գյուղատեղին Ուրծ գավառի հինավուրց բնակավայրերից է: Գյուղատեղիի հուշարձանները թվագրվում են IX-XVII դդ.: Պահպանված հուշարձանների ուսումնասիրությունը հաստատապես հիմք է տալիս պնդելու, որ բնակավայրը հանդիսացել է գավառի ամենաերկարակյաց և մարդաշատ գյուղերից մեկը: Այդ են վկայում նաև գյուղատեղիում պահպանված երկու մեծ գերեզմանոցները` յոթ տասնյակի հասնող կանգուն և ընկած խաչքարերով, որոնցից 13-ը արձանագիր են, իսկ հինգը ունեն թվագրություն (1205թ., 1213թ., 1233թ., 1525թ., 1551թ.): «Կարակոյուն»-ը Արարատի մարզի խաչքարերով հարուստ հուշարձանախմբերից մեկն է: Այդ շարքից հատկապես ցանկանում ենք առանձնացնել գյուղատեղիի կենտրոնում պահպանված բազալտե երկու խաչքարերը, որոնք կանգնեցվել են գյուղի վերաշինման առիթով` (1551թ.): Խաչքարերից առաջինն ունի 1.57մ բարձրություն, 0.85մ լայնություն, 0.30մ հաստություն, որի հեղինակն է մեծահմուտ վարպետ` Խաչատուրը: Խաչքարի հյուսիսային հատվածում պարզ ու հստակ, 12 տողով կարդացվում է արձանագրություն. ԿԱՄ[ԱԻՆ] Ա/ԱՏՈՒԾՈ/Յ ԿԱՆԳՆԵՑԻ Խ/Ա/ՉԵՐՍ, ՇԻՆԵՑԻ ԳԵՂՍ : ՀԱՍԱՆ ՓԱՀՃԱՀԷՆ ՍԱԻՈՒԼՂԱՐ Է: ԹՎԻՍ Ռ/= 1551Թ./ ԻՇԵՑԷՔ Խ/Ա/Չ/ԱՏՈՒՐ/ ԳԾ/ՈՂ/Ս: Երկրորդ խաչքարի բարձրությունը 1.80մ է, լայնությունը` 0.82մ, հաստությունը` 0.25 մ: Խաչքարի քիվի վրա փորագրված է գյուղի հիմնադրի անունը` Մարգար. «Ս/ՈՒՐ/Բ ԽԱՉՍ ԲԱՐԵԽ/ԱԻ/Ս ՄԱՐԳԱ/ՐԻՆ/»:
Գյուղատեղիում պահպանվել են նաև աղբյուր, ջրաղաց, ձիթհան, բնակելի և տնտեսական շենքերի ավերակներ (XII-XIII դդ.): Այն լքվել է 1945-52թթ.` բնակավայրերի խոշորացման հետևանքով: Գյուղատեղին վերանվանվել է «Ջղան» ՀՀ Կառավարության 29.07.2004թ. N 1095-Ն որոշմամբ:
Օգտագործված գրականություն.
1. Ա. Շահինյան, Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները. IX-XIII դարերի խաչքարերը, Երևան, 1984
2. Ս. Հակոբյան, Արարատի մարզ, պատմական ակնարկ, Երևան, 2010
3. Մ. Մանուկյան, Հայստանի Հանրապետության մարզերը, քաղաքներն ու գյուղերը, Երևան, 2013