Լոռու մարզ գ. Կաճաճկուտ, պետ. ցուցակ N 5.54.1
Սեդվու ամրոցը գտնվում է Աքորի և Կաճաճկուտ համայնքների միջև, նույնանուն գեղատեսիլ ձորում, ճամփեզրի և գետին հարող (Ղուլի բլուր «ղաշ») տարածքում:
Այն ժամանակին ծառայել է որպես դիտակետ-ամրոց՝ հսկելով վերը նշված երկու համայնքների շրջակա տարածքները, ընդգրկելով նաև Սեդվու վանական համալիրի տարածքը: Ամրոցին հարող հատվածներում պահպանվել են կացարաններ, պարսպապատերի և տնտեսական շինությունների մնացորդներ ու տապանաքարեր:
Համեմատաբար լավ վիճակում է եռահարկ աշտարակաձև կառույցը, որի երեք հարկերում էլ եղել են քառակուսուն մոտ հատակագծով սենյակներ՝ դրսից բացվող մուտքերով: Ստորին երկու հարկերում սենյակներն ունեն ոչ մեծ խորաններ, իսկ երրորդ հարկում՝ խորշեր: Առաջին հարկի ծածկը եղել է կաղնե գերաններով, մյուս հարկերինը` թաղակապ (երկրորդ հարկում այն ունեցել է պահունակների վրա հենվող թաղակիր կամար): Երկրորդ հարկի թաղի մնացորդների վրա և խորանում կան որմնանկարների հետքեր: Երրորդ հարկի մուտքի ստորին մասում արտաքուստ պահպանվում է բարձակային քար՝ 1 մ ելուստով (ճիշտ դրա ուղղությամբ՝ երկրորդ հարկի մակարդակում նույնպես եղել են բարձակային քարեր)՝ հավանաբար փայտե շարժասանդուղքի հենման համար:
Տեղադրված լինելով շրջակայքի վրա իշխող և Սեդվու ձորի վրա կախված բարձունքի գլխին, շեշտված ուղղաձիգ համաչափություններով այդ շինությունը, հավանական է, որ կատարել է դիտաշտարակի դեր (նույնանման աշտարակներ կան Թալինի Դաշտադեմ գյուղի եզրին՝ Սբ. Քրիստափոր եկեղեցու մոտ և Իջևանի Կայան ավանին հարող տարածքում): Ստորին հարկերում խորանների առկայությունը վկայում է, որ այն միաժամանակ ունեցել է պաշտամունքային նշանակություն: Ամրոցին են վերագրում նաև աշտարակից դեպի ձորն ընկած մասում խոշոր որձաքարերով առանց կրաշաղախի՝ կիկլոպյան շարվածք հիշեցնող պարսպապատերի մնացորդները (2.0-2.5մ բարձրությամբ):
Սեդվու ձորում կան հին գյուղատեղեր, վաղ միջնադարյան գերեզմանոցներ, խաչքարեր:
Ամրոցից կանգուն է մնացել միայն մի կիսավեր աշտարակ, որին փլուզման վտանգ է սպառնում:
Օգտագործված գրականություն
1. Գառնիկ Շախկյան ,«Լոռի Պատմության քարակերտ էջերը», Երևան, 1986 թ.