ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔԸ ԿՕԳՆԻ ՃԻՇՏ ՈՒ ԱՐԱԳ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔԸ ԿՕԳՆԻ ՃԻՇՏ ՈՒ ԱՐԱԳ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ

2016-02-29T15:12:08+00:00 24/02/2016|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՔՊ և ԱԻ 2016 թ. հիմնական միջոցառումների պլանի համաձայն, ս.թ. փետրվարի 24-ին անցկացվեց` «Հրդեհի դեպքում աշխատակիցների, մշակութային և նյութական արժեքների պաշտպանության կազմակերպումը» թեմայով ուսումնական վարժանք:

Նպատակը` ՔՊ համակարգի արդյունավետության բարձրացումն է, հնարավոր հրդեհի դեպքում մարդկանց և նյութական արժեքների պաշտպանության ապահովումը, աշխատակիցների արագ, ճիշտ կողմնորոշվելուն նպաստելն ու արտակարգ պատահարի մասին գիտելիքների փոխանցումը:

Մտահղացման պլանի համաձայն պայմանական հրդեհը բռնկվում է աշխատանքային ժամին, կազմակերպության 2-րդ հարկաբաժնի սենյակներից մեկում` տարածվելով դեպի տանիք և հարակից սենյակներ: ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականը նկատելով հրդեհը այդ մասին տեղեկացնում է կազմակերպության ղեկավարին, հետո նաև` ահազանգում 911 ծառայություն: ՊՈԱԿ-ի տնօրենի հանձնարարությամբ ՔՊ պետ, ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ս. Առաքելյանը հրահանգում է կազմակերպել աշխատակիցների, նաև արժեքավոր փաստաթղթերի տարհանումը: Ծխապատ գոտուց դուրս է բերվում մի աշխատակից, որին բուժօգնության կազմավորումն առաջին օգնություն է ցույց տալիս: «Տուժածը» խուճապի հետևանքով վնասել էր ձեռքը: Կազմավորումները շենքից դուրս բերեցին նաև 3 արկղ առաջնահերթ տարհանման ենթակա նյութական արժեքները: Առավել բարդ առաջադրանք ուներ հրդեհի վայր ժամանած ՏԿ և ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության Կենտրոն բաժնի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը:

Մշակված պլանի համաձայն, բոլորը տարհանվեցին շենքից, բացառությամբ մի աշխատակցի: Նախնական տվյալներով հրդեհի ժամանակ նա գտնվել էր շենքում:

Հրդեհաշիջման ղեկավարի հրամանով ջոկատը սկսեց հրդեհաշիջման աշխատանքները և արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում հրդեհն արդեն մեկուսացված էր ու մարված: Հրշեջ-փրկարարները հրդեհի օջախին մոտ հայտնաբերեցին ու տարհանեցին «անգիտակից» վիճակում գտնվող աշխատակցին, ինչպես նաև դուրս բերեցին վտանգավոր գոտուց դեռևս չտարհանված առաջնահերթ տարհանման ենթակա նյութական արժեքները:
Փոխկապակցված և օպերատիվ գործողությունների շնորհիվ մարդկային և մշակութային կորուստներ չեղան:

Ստեղծված իրավիճակի, նաև ձեռնարկված քայլերի մասին կազմավորումները պարբերաբար զեկուցում էին ՔՊ պետին, վերջինս էլ ՀՀ մշակույթի նախարարին և օպերատիվ հերթապահին:

Ուսումնական վարժանքն ավարտվեց նախապես մշակված պլանի համաձայն, «աստղաբաշխական 30 րոպե» ժամանակահատվածում:

Ամփոփելով միջոցառումը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը նշեց, որ նման միջոցառումներն ավանդական են դարձել, ուսումնավարժանքն արդարացրեց սպասելիքները և փաստեց, որ մեր կազմավորումներն ունեն համապատասխան գիտելիքներ և հմտություններ արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում:

«Ուսումնավարժանքի արդյունքը գնահատում եմ լավ: Նման միջոցառման նպատակն է ստուգել ոչ միայն մեր փրկարարների մասնագիտական պատրաստվածությունը, այլև կազմակերպության համապատասխան կազմավորումների ու մեր աշխատակիցների փոխհամագործակցության արդյունավետությունը: Պայմանական հրդեհի օջախը շենքի երկրորդ հարկում էր, հրշեջների առջև խնդիր էր դրված որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել, ինչպես նաև ցույց տալ առաջին օգնություն: Հրդեհի օջախը մարելու համար երկու ուղղություն օգտագործվեց՝ մեկը՝ սանդուղքի միջոցով, մյուսը՝ մուտքից: Հրդեհը մարվեց կարճ ժամանակում, «տուժածներին» դուրս բերեցին շենքից և բուժօգնություն ցույց տվեցին», – լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ՓՎ Կենտրոն բաժնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Կամո Ոսկանյանը:

Ուսումնավարժանքի ավարտին ՔՊ պետ, ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ս. Առաքելյանը զեկուցեց ուսումնավարժանքի արդյունքները: Նշվեցին բացթողումներն ու թերացումները, կարևորվեց դրանց վերացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: