«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայությունը ահազանգ է ստացել, որ ջարդվել է Բջնիի ամրոցի /պետ. ցուցիչ` 6.19.1, 5-16 դդ./ գաղտնուղու դուռը: ՊՄՊ մարզային ծառայության պետի հանձնարարությամբ, տարածքի հուշարձանների պահապան Ռաֆիկ Եղիազարյանը և ծառայության պետի տեղակալ Արթուր Կիրակոսյանը մեկնել են հուշարձանի տարածք` ստուգելու ահազանգի իսկությունը:
Պարզվել է, որ մուտքի դուռը և կողպեքը վնասված չեն, դուռը փակ է, սակայն մուտքի ձախ հատվածում, որտեղ անմշակ փոքր քարերով առանց շաղախի պատնեշ է եղել շարված` փլված է և քարերի մի մասը` դեպի ներս, մյուս մասը` դուրս թափված: Գրեթե նույն ուղղությամբ` պարսպի ստորոտին մոտ, որոշակի հատվածով փլված է առանց շաղախի ու կոպտատաշ քարերով շարված կլոր աշտարակի հատվածը: Փլուզումը, հավանաբար, առաջացել է մուտքից վերև պատրաստված մետաղական ծածկից ձյան մեծ զանգվածի կտրուկ անկման պատճառով: Բնահողի նստվածք է նկատվել նաև ամրոցից ներքև` քաղաքացու տնամերձում (փաստն արձանագրվել էր նաև 2012թ. գարնանը): Վերջնական եզրահանգման համար տարածքի նոր տեղազննություն կիրականացվի:
Բջնիի ամրոցը հանրապետական նշանակության հուշարձան է, ընդգրկված է
պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում: