Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ, ԾԱՂԿԵՎԱՆՔ ՄԱՏՈՒՌ

Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ, ԾԱՂԿԵՎԱՆՔ ՄԱՏՈՒՌ

Գեղարքունիքի մարզ, գյուղ Լիճք, պետ.ցուցիչ` 4.39.1.53, 4.39.1.54

Ծաղկեվանք մատուռը և ս. Աստվածածին եկեղեցին գտնվում են մի շրջապարսպի մեջ` գյուղի հարավ-արևմտյան եզրին: Եկեղեցին և մատուռը այդ տարածքում գտնվող IX-XX դդ. գերեզմանոցի /պետ.ցուցիչ` 4.39.1/ ենթահուշարձաններ են: Գերեզմանոցն իր մեջ ներառում է նաև X-XVII դդ. 47 խաչքար և 5 տապանաքար:

Ս. Աստվածածինը /պետ.ցուցիչ` 4.39.1.53/ XIX դարի շինություն է, գտնվում է շրջապարսպի հյուսիսային եզրին, Ծաղկեվանքից մոտ 50 մետր հեռավորության վրա, փայտածածկ է` շինված ճեղքված քարերով, պատերն ու տանիքը կիսափլված վիճակում են: Եկեղեցու բեմի ներսի կորության մեջ ագուցված են բազմաթիվ խաչքարեր, որոնցից ամենահինը թվագրվում է 1456 թվականին: Բեմի վրա գտնված արամերեն արձանագրությամբ Արտաշիսյան ժամանակաշրջանին պատկանող սահմանաքարի բեկորը գտնվելուց անմիջապես հետո տեղափոխվել է Երևան:

Եկեղեցու պատերի մեջ ագուցված են IX-XVIII դդ. 24 խաչքարեր /պետ. ցուցիչ` 4.39.1.53.1- 4.39.1.53.24/ :

Ս. Աստվածածին եկեղեցին, մարզային ծառայության 2011 թ. նոյեմբերի 28-ի N 0-78 գրությամբ` որպես առավել վտանգված հուշարձան, ներկայացվել է ՊՈԱԿ-ին:

Ծաղկեվանքը /պետ.ցուցիչ` 4.39.1.54/ շրջապարսպի հյուսիս-արևելյան եզրին կից փոքր մատուռ է, որի ծածկն ու պատերի վերին մասերը փլված են: Մատուռի ներսում գտնվում են վեց խաչքարեր /պետ.ցուցիչ` 4.39.1.54.1-4.39.1.54.6/, որոնցից երեքը պատկանում են միևնույն գերդաստանին և իրենց վրա կրում են արժեքավոր արձանագրություններ: Դրանք միաժամանակ համարվում են այստեղի հնագույն հուշարձանները, որոնցից առաջինը թվագրված է 1284 թ.-ով:

Օգտագործված գրականություն և փաստաթղթեր
1. Ս. Գ. Բարխուդարյան, «Դիվան հայ վիմագրության», Երևան, 1973թ.
2. Սամվել Հակոբյան, «Գեղարքունիքի մարզ, պատմական հանրագիտարան», Երևան, 2010թ.
3. Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ: