ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՐՑԱԽՈՒՄ

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՐՑԱԽՈՒՄ

2016-04-08T14:50:55+00:00 01/04/2016|Լրահոս|

ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը մամուլի ասուլիսում անդրադարձել է ս.թ մարտին Բեռլինում և Մոսկվայում կայացած զբոսաշրջությանը նվիրված միջազգային ցուցահանդեսներին, որոնց ընթացքում Ադրբեջանն ամեն կերպ փորձել է խոչընդոտել արցախյան պատվիրակության աշխատանքները: Բեռլինում ադրբեջանական պատվիրակության անդամները դիմել էին սադրիչ գործողությունների՝ փորձելով վնասել հայկական տաղավարը, սակայն ապարդյուն. նրանց ոչ միայն չէր հաջողվել կանխել ցուցադրությունը, այլև ավելի մեծ հետաքրքրություն էր առաջացել և մեծ թվով այցելուներ էին հավաքvել Արցախի տաղավարի շուրջը:

Հիշեցնենք, որ միայն ՀՀ արտաքին գործերի և ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությունների համատեղ ջանքերի շնորհիվ էր, որ համաշխարհային զբոսաշրջային ընկերությունը մերժեց Ադրբեջանի նենգ նախաձեռնությունը, որը վերաբերում էր միջազգային ցուցահանդեսներին չճանաչված պետությունների մասնակցությունը արգելելուն:

Ս. Շահվերդյանի հավաստմամբ միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու նպատակը ԼՂՀ-ն՝ որպես զբոսաշրջային բարենպաստ երկիր ներկայացնելն է: Ի դեպ՝ այդ երկու ցուցահանդեսներն արդեն իսկ իրենց դրական ազդեցությունն են ունեցել Արցախում զբոսաշրջության աճի ուղղությամբ:

«Միջազգային ցուցահանդեսների ժամանակ Ադրբեջանի նմանօրինակ գործողությունները հակառակ ազդեցություն են ունենում: Իհարկե, դրանք ավելորդ դժվարացնում են մեր պատվիրակության աշխատանքը, բայց բողոքի այդպիսի դրսևորումները ավելի մեծ ուշադրություն են գրավում և մեծացնում մեր տաղավարի հանդեպ հետաքրքրությունը»,-ընդգծել է Ս. Շահվերդյանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը կարևորել է այն հանգամանքը, որ Մոսկվայում զբոսաշրջային ընկերությունների համար կազմակերպված Արցախի զբոսաշրջային ներուժի ցուցադրությունն, անշուշտ, կնպաստի ԼՂՀ-ում զբոսաշրջության զարգացմանը: