ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՇՈՂԱԳԱՎԱՆՔ

ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՇՈՂԱԳԱՎԱՆՔ

Գեղարքունիքի մարզ, գյուղ Ձորագյուղ, պետ. ցուցիչ` 4.60.22:

Շողագավանք վանական համալիրը գտնվում է գյուղամիջում` լեզվաձև բլրի վրա: Այն ժամանակագրական առումով ընդգրկում է V-XVII դարերը: Վանքը կառուցվել է սրբատաշ քարով, եղել է եռաբսիդ գմբեթավոր շենք` չորս անկյուններում ունենալով ավանդատներ: Վանքը գործել է մինչև XVII դարի վերջերը և ունեցել իր առաջնորդը: Այժմ գտնվում է կիսավեր վիճակում, պահպանվել են հյուսիսային, արևելյան և արևմտյան պատերը: Ավերվելուց հետո վանքի քարերը օգտագործվել են որպես գերեզմանաքարեր և շինանյութ, իսկ որոշ քարեր տեղադրվել են գյուղական եկեղեցու, Մասրուց անապատի և այլ շինությունների մեջ:

Համաձայն պահպանված արձանագրությունների, ինչպես նաև մեծանուն մատենագիր Ստ. Օրբելյանի վկայությամբ` վանքի գլխավոր` ս. Պողոս Պետրոս եկեղեցին կառուցվել է Սյունյաց Մարիամ իշխանուհու նախաձեռնությամբ (877-886 թթ., պետ. ցուցիչ` 4.60.22.2): Հարավ- արևելյան ավանդատանը պահպանվել է IX-X դդ. երեք խաչքար: Մարիամ իշխանուհին գնել և եկեղեցուն է նվիրել երկու գյուղ:

Գլխավոր եկեղեցուց արևմուտք գտնվում է միանավ, թաղածածկ, արտաքուստ բազմանիստ աբսիդով V դարում կառուցված եկեղեցին /պետ.ցուցիչ` 4.60.22.1/: Ամբողջապես պահպանվել են հյուսիսային և արևմտյան պատի մի մասը: Ենթադրվում է, որ սա Մարիամ իշխանուհու դամբարանատեղին է:

Վանական համալիրից 50 մետր հյուսիս-արևմուտք գտնվում է X դարում կառուցված, սակայն ներկայումս ավերված մի մատուռ /պետ. ցուցիչ` 4.60.22.3/: Մատուռում կանգնած են երկու խաչքար (X դար):

Վանքի շուրջը` ողջ բլրի վրա, տարածվում է ընդարձակ գերեզմանատունը /պետ. ցուցիչ` 4.60.22.4/, որտեղ կանգուն են բազմաթիվ տապանաքարեր և խաչքարեր: Դրանցից հնագույնը 1216 թվականի հուշակոթողն է:

Հուշարձանի պահպանության նպատակով առանձնացված տարածքը կազմում է 0.28 հեկտար:

Օգտագործված գրականություն և փաստաթղթեր.
1. Բարխուդարյան Ս., « ԴԻՎԱՆ ՀԱՅ ՎԻՄԱԳՐՈՒԹՅԱՆ», Երևան, 1973թ.,
2. Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ.