ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՆ ԱՓԻ ՄԵՋ

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՆ ԱՓԻ ՄԵՋ

2018-03-29T16:01:16+00:00 17/11/2016|Շիրակ, Երեվան, Լրահոս|

«Արտֆեստ-2016» միջազգային երիտասարդական բաց փառատոնի կերպարվեստի ցուցահանդեսը տեղի է ունեցել ամիսներ առաջ։ Ցուցադրվել է 100-ից ավել հեղինակի ստեղծագործություն՝ գեղանկարներ, քանդակներ, տարբեր նկարազարդումներ, անգամ իրական չափսերից հազարապատիկ փոքր երաժշտական գործիքներ։ Այդ ցուցահանդեսի մրցանակակիրների աշխատանքներն էլ մեկտեղվել էին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում։ Լավագույն ութ հեղինակների թվում էր նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետի պաշտոնակատար Վալեր Նազարեթյանը։ Արվեստի յուրատեսակ աշխատանքներ ստեղծելու համար փառատոնի հանձնախումբը նրան ևս ընդգրկել էր մրցանակակիրների թվում։ Վալեր Նազարեթյանը «Արտֆեստ-2016» միջազգային երիտասարդական բաց փառատոնի կերպարվեստի մրցանակակիրների ցուցահանդեսին ներկայացրել էր իր ստվարաթղթե երաժշտական գործիքները՝ «Ակորդեոն», «Դուդուկ», «Ռոյալ», «Սինթեզատոր», «Կիթառ», «Հարվածային գործիքներ»։ Համառ ու մանրակրկիտ աշխատանքով ստեղծված ստվարաթղթե երաժշտական գործիքները թեև չափսերով բազմապատիկ փոքր են, սակայն ունեն ճշգրիտ ձայնային հնարավորություններ։ Այսօր Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում կազմակերպված ցուցահանդեսին Վալերի Նազարեթյանն առաջին անգամ ներկայացրել է իր նոր աշխատանքը՝ «Մորս հուշերը»։ «Փորձել եմ վերատադրել մորս մանկության հետ կապված հուշերից մեկը։ Նա պատմում էր, թե ինչպես է մանուկ ժամանակ բարձրացել աթոռին ու թաթերի վրա ձգվել, որպեսզի տեսնի, թե ինչպես է աշխատում այն ձայնարկիչը, որով հայրը հաճախ լսում էր Լուսիկ Քոշյանին։ Հենց այդ տեսարանն եմ պատկերել ստվարաթղթե քանդակի միջոցով»,- այսպես է իր նոր աշխատանքը ներկայացնում Վալեր Նազարեթյանը։ Պատմում է ու իր յուօրինակ աշխատանքների շուրջ հավաքված հետաքրքրասերներին համբերատար բացատրում դրանց պատրաստման ու կիրառման եղանակը։ «Արտֆեստ» միջազգային երիտասարդական բաց փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը ևս չի թաքցնում Վալեր Նազարեթյանի աշխատանքների նկատմամբ իր մեծ հետաքրքրությունը․ «Վալերի փոքրիկ, բայց շատ հետաքրքիր աշխատանքները ստեղծվում են մեծ նվիրումի և անսահման համբերատարության շնորհիվ։ Վստահ եմ, որ ոչ ոք երբեք չի կարող անտարբեր մնալ այս ստվարաթղթե երաժշտական գործիքների նկատմամբ»։ Գյումրեցի արհեստավորների սերնդին հարող Վալեր Նազարեթյանի՝ափի մեջ տեղավորվող երաժշտական գործիքների ստեղծման շնորհքը շատերը համարում են աստվածատուր: Ինքը՝ «կենդանի» մանրակերտների հեղինակՎալեր Նազարեթյանը խոստովանում է, որ առանց այդ փոքրիկ «արարածների» իր համար կյանքն անգույն կլիներ։