Պետ. ցուցիչ՝ 8.47.3, Սյունիքի մարզ:
Գյուղատեղին գտնվում է Գորիսի տարածաշրջանի Խոտ գյուղից 500 մ հարավ, Որոտան գետի ձախ ափին տարածվող զառիթափ լեռնալանջին: Հյուսիսից և հարավից շրջապատված է անմատչելի ժայռերով: Այն պատմական Սյունիքի Հաբանդ գավառի գյուղերից է, հիշատակվել է որպես ավան: Պատմիչ Ստ. Օրբելյանի վկայությամբ գյուղը Տաթևի վանքին տրամադրում էր 12 միավոր հարկ:
Գյուղատեղին առաջին անգամ հիշատակվել է V դարում, երբ Սյունյաց Բաբիկ իշխանը պարսիկ զորավար Գորին՝ ի նշան քրիստոնեության ընդունման, նվիրում է Խոտ ավանը: Սյունյաց եպիսկոպոս Սողոմոնի 881 թվականին գրած վկայագրում ասվում է. …«Իմացա, որ առաջներում Տեր Գևորգը Խոտի կալվածք-կոռավայրը հոգեբաժին էր արել սուրբ Նշանին, բայց ինչ-ինչ հանգամանքներով այն հափշտակել էին: Երբ հաջորդելով գահակալեցի այս սուրբ աթոռին, այդ կալվածքը վերադարձրի եկեղեցուն»: Վկայագրում նշված է «Խոտի կալվածք-կոռավայր», ինչից պարզ է դառնում, որ գյուղացիները, կցված լինելով վանքապատկան կալվածքներին, կատարել են հարկային պարտավորություններ և ստացած եկամուտները տրամադրել վանքին: Այս վկայագիրը առաջին հիշատակությունն է կոռի` որպես կիրառվող հարկային պարտավորության ձևի: Վավերագրում հիշատակվող վկաների թվում նշվում է Վասակի որդու` Խոտի տեր Գրիգորի, անունը; Գյուղը հիշատակվել է նաև Տաթևի վանքի նավակատիքի ժամանակ (906 թ.), երբ հստակեցվում էին վանքի սահմանները: Չնայած Խոտը Տաթևի վանքին նվիրաբերված գյուղերից էր, սակայն պատմական տարբեր ժամանակաշրջաններում այդ իրավունքը պարբերաբար խախտվել է, որի մասին վկայում է նաև Ստ. Օրբելյանը` նշելով, որ 1006թ. Խաղբակի որդի Դլեն իշխանը իր հայրենի տիրույթներից Տաթևի եպիսկոպոս Տեր Հովհաննեսին և սուրբ Նշանին է նվիրել գյուղը ու Խոտագետի մեծ այգին: Սեփականության իրավունքի խախտման և վերստին նախկին կարգավիճակի վերականգման փաստին է առնչվում XIII դարի հիշատակությունը, համաձայն որի Տարսայիճ Օրբելյանը Տաթևի վանքին է վերադարձնում իր տիրույթների մեջ մտնող վեց գյուղ, որոնց թվում էր նաև Խոտը: Նա այդ մասին արձանագրություն է թողել Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային սյան վրա, որտեղ Խոտը անվանում է ավան և որ վերադարձնում է այն իր սահմաններով, լեռներով ու դաշտերով, Խոտագետի շրջակայքում իր իսկ տնկած այգիներով:
Ղևոնդ Ալիշանի «Սիսական» աշխատությունից տեղեկանում ենք, որ Խոտ գյուղի եկեղեցին անվանվում էր Սբ. Աստվածածին: Գյուղատեղին ունեցել է երկու եկեղեցի, որոնցից մեկը գտնվել է գյուղատեղիի հարավ-արևմտյան եզրին՝ մեծ գերեզմանոցի /պետ. ցուցիչ՝ 8.47.3.1/ հյուսիսային մասում և ամբողջովին ավերված է: Գյուղատեղիի կենտրոնում գտնվող մյուս եկեղեցին /պետ. ցուցիչ՝ 8.47.3.3/ խարխլված վիճակում է: Ամենայն հավանականությամբ Սբ. Աստվածածին (XVII-XVIII դարեր) անվանվել է հենց այս եկեղեցին:
Մեծ գերեզմանոցի տարածքում պահպանվել են մեկ տասնյակից ավել խաչքարեր ու տապանաքարեր (XIII-XVII դարեր), իսկ գյուղատեղիի կանգուն եկեղեցու բակում` մի քանի տապանաքարեր:
Գյուղը լքվել է 1960 թվականին՝ ջրի սակավության պատճառով:
Օգտագործված գրականություն
1. Օրբելյան Ստ., Սյունիքի պատմություն, Երևան, 1986 թ.
2. Ալիշան Ղ., Սիսական, Երևան, 2009 թ.
3. Գրիգորյան Գ., Սյունիքի վանական կալվածատիրությունը 9-13-րդ դարերում, Երևան, 1973 թ.
4. ՀՀ Սյունիքի մարզի հուշարձանների պետական ցուցակ