ԳԻՏԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԳԻՏԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2018-03-29T15:57:40+00:00 13/02/2017|Կոտայք, Լրահոս|

Սուրբ Սարգսի տոնի առիթով ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության նախաձեռնությամբ Բջնի համայնքում կազմակերպվել էր գիտաճանաչողական էքսկուրսիա, որին մասնակցել են Հրազդանի թիվ 4 հիմնական և թիվ 13 ավագ դպրոցների բարձր դասարանցիները:

Դպրոցականները, ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետի տեղակալ Արթուր Կիրակոսյանի և հուշարձանների պահապան Ռաֆիկ Եղիազարյանի ուղեկցությամբ, սկզբում այցելել են Սբ. Սարգիս եկեղեցի (պետ. ցուցիչ` 6.19.15), ծանոթացել եկեղեցու ճարտարապետա-շինարարական բնութագրին` սկսած հիմնադրման ժամանակաշրջանից մինչև վերջին տարիների վերականգնման աշխատանքները: Էքսկուրսիայի մասնակիցներին հատկապես հետաքրքրել է այն փաստը, որ Սբ. Սարգիսը Հայաստանի Հանրապետության տարածքում ամենափոքր միախորան եկեղեցին է և առանձնահատուկ է իր չափագրությամբ:

Հաջորդ այցը եղել է 1031թ.-ին կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին (պետ. ցուցիչ` 6.19.49.1), որտեղ նրանց ներկայացվել է Սբ. Սարգսի տոնի խորհուրդն ու պատմությունը, այնուհետև` կատարվել մոմավառություն:

Գիտաճանաչողական էքսկուրսիան եզրափակվել է Բջնիի Ամրոցի տարածք այցելությամբ (պետ. ցուցիչ` 6.19.1): Այստեղ դպրոցականները ծանոթացրել են ամրոցի պատմա- հնագիտական արժեքներին: Նրանք հուշարձանների վերաբերյալ իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերն են ուղղել ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Արթուր Կիրակոսյանին:

Էքսկուրսիայից ստացած մեծ տպավորություններով մասնակիցները վերադարձել են Հրազդան:

Բջնի համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցում էլ կազմակերպվել էր «Երիտասարդների օրհնության օր» խորագրով տոնական միջոցառում: Դպրոցի բակից մեկնարկած երթն ավարտվել է Սբ. Սարգիս եկեղեցու բակում: Բարձր դասարանցիները ներկայացրել են Սբ. Սարգիս զորավարի հիշատակին նվիրված մանրապատումներ:

Շնորհավորելով ներկաներին` ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետ Կամո Հակոբյանն անդրադարձել է տոնի խորհրդին, ապա` խոսել համայնքի պատմամշակութային ժառանգության ու հուշարձանների պահպանության խնդիրների մասին: