Թանգարանների միջազգային օրվան՝ մայիսի 18-ին, ընդառաջ ՊՄՊ Արարատի մարզային ծառայության նախաձեռնությամբ կազմակերպվել է էքսկուրսիա Պարույր Սևակի տուն-թանգարան`Զանգակատուն: Էքսկուրսիային մասնակցել են Վեդի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի 23 աշակերտներ, դպրոցի ուսուցիչներ, մարզային ծառայության աշխատակիցներ:
Միջոցառման մասնակիցներին հյուրընկալել է թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը և անձամբ ներկայացրել հավաքածուն: Նա անդրադարձել է Պարույր Սևակ բանաստեղծի կյանքին, գրական գործունեությանը, հատուկ ներկայացրել թանգարանում պահվող բանաստեղծի անձնական իրերը, տպագրված գրքերը, բանաստեղծի անցած ուղին պատկերող որմնանկարները: Այնուհետև աշակերտները շրջել են բանաստեղծի ձեռքով տնկված այգում, որտեղ թաղված է Պարույր Սևակը կնոջ՝ Նելլի Մենաղարաշվիլու հետ: Արդեն շիրմի մոտ թանգարանի տնօրենը խոսել է Սևակի կյանքի վերջին տարիների, նրա եղերական մահվան մասին։ Աշակերտներն էլ իրենց հերթին աչքի են ընկել Սևակի կյանքի ու գործունեության մասին գիտելիքներով, ներկայացրել բանաստեղծի կյանքից փոքրիկ դրվագներ, ապա` թերթել նրա գրականության էջերը։
Դպրոցականները խոստովանել են, որ տուն են վերադառնում հարուստ տպավորություններով։