«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում յուրօրինակ աշխուժություն էր տիրում նաև շաբաթ օրը: Մշակութային գեղեցիկ ծրագրով` ժողովրդական պարերի ու ազգրագրական երգերի կատարումներով ելույթ էին ունենում «Գառնի» պարային համույթի սաները, երգիչ մենակատարներ` Գառնիկ Գևորգյանը, Մելսիկ Հովհաննիսյանը, Նավասարդ Հակոբյանը, ինչպես նաև մշակութային կենտրոնի մանկավարժ` դուդուկահար Վահե Պետրոսյանը: Միջոցառման սպորտային մասն ապահովել էին` «Գառնի» համայնքի մարզամշակութային կենտրոնի սաները:
Մթնոլորտն այնքան ջերմ էր ու անմիջական, որ ազգային երաժշտության հնչյունների տակ պարում էին նաև օտարերկրացի զբոսաշրջիկները:
«Գառնի» համայնքի մարզամշակութային կենտրոնի երեք սաները վերջերս մասնակցել են Արցախի Հանրապետությունում, Վրաստանում և Պարսկաստանում անցկացված կարատեի մրցումներին: Պատանիները վերադարձել են հաղթանակով` երեքն էլ զբաղեցնելով մրցումների հաղթողի տիտղոսը: Գառնի» արգելոց-թանգարանի այցելուների համար ցուցադրական ելույթներ ունեցան նաև կարատեի երիտասարդ չեմպիոնները: