Ա. ԹԱՐՎԵՐԴՅԱՆ. «ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂԻ ԴԵՐՈՒՄ ԼԻՆԵՆ»

Ա. ԹԱՐՎԵՐԴՅԱՆ. «ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂԻ ԴԵՐՈՒՄ ԼԻՆԵՆ»

2018-03-29T15:57:39+00:00 19/01/2018|Կոտայք, Լրահոս|

«Մարզային ծառայությունների լիազորությունները կընդլայնվեն։ Նախատեսվում է, որ այսուհետև այն մարզերում, որտեղ կան արգելոց-թանգարաններ, դրանց և դրանց տարածքում առկա այլ պատմամշակութային միավորների պահպանությունն իրականացվելու է մարզային ծառայության համապատասխան պահպանական գոտիների հուշարձանների պահապանների կողմից։ Միաժամանակ վերջիններիս իրավունք է վերապահվելու միայն հուշարձանի պահպանության մասով վերահսկել արգելոց-թանգարանի աշխատակիցների աշխատանքը»,- ասել է  «Պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: Նրա խոսքով, հուշարձանի պահապանը պահակ չէ։  Հուշարձանի պահապանները կարող են լրացուցիչ բեռ  վերցնել` ուշադրության կետրոնում պահելով  նաև արգելոցների ու արգելոց-թանգարանների տարածքների հուշարձանները: ՊՈԱԿ-ի տնօրենի մոտեցումն այն է, որ նման հակակշիռ ստեղծելու արդյունքում կշահի և´ աշխատանքը, և´ հուշարձանը։  Ա. Թարվերդյանի խոսքով նման մոտեցման նպատակը ծագող խնդիրներին առավել օպերատիվ լուծումներ տալն է։

«Մասնագետների պատրաստվածության առումով պետք է կարողանանք բարձր մակարդակ ապահովել», -իր խոքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրենը:

ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պատասխանատուները կազմակերպության ղեկավարությանը զեկուցել են իրենց կատարած աշխատանքների, հուշարձանների տարածքներ այցելությունների, ՏԻՄ մարմինների հետ գործակցության մասին: ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Կարեն Փահլևանյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ պետք է  ուշադիր լինել իրավախախտումների փաստերի նկատմամբ և, մասնավորապես, արգելել հին գերեզմանոցների տարածքներում հուղարկավորությունները, բացառությամբ օրենքով սահմանված կարգով թույլատրվող դեպքերի: Նրա խոսքով, այս հարցում մեծ է նաև համայնքների ղեկավարների պատասխանատվությունը և մարզային ծառայությունները պետք է աշխատեն այդ ուղղությամբ: Անհրաժեշտ է նաև աշխատանքներ իրականացնել բնակչության շրջանում:

2018 թ. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի շարքը կհամալրվի ևս մեկով` կկազմավորվի «Բջնի» արգելոցը  (գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Բջնի համայնքում), կիրականացվեն զարգացման հեռանկարային ծրագրեր՝ ենթակառուցվածքների զարգացում, տոմսային տնտեսության ձևավորում և այլն: Նոր մասնաճյուղի կազմավորման հարցում էլ ՊՈԱԿ-ի տնօրենությունը ակնկալում է մարզային ծառայության պատասխանատուների աջակցությունը:

ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Կարեն Փահլևանյանի դիտարկմամբ առաջիկայում անհրաժեշտ է զբոսաշրջիկների հոսքի մոնիթորինգ անցկացնել` հասկանալու ինչպիսին է այցելուների հոսքը հուշարձանի տարածք:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենությունը առաջիկայում աշխատանքային խորհրդակցություններ կանցկացնի նաև մյուս մարզերում: