«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը և «Եվրոպական Ժառանգության Կամավորներ» կազմակերպության ղեկավար, «ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կամավորներ» ծրագրի եվրոպական մասի համակարգող Բերտ Լյուդվիգը հանդիպման ընթացքում քննարկել են գործակցության հնարավոր ուղղությունները:
«Եվրոպական Ժառանգության Կամավորներ» կազմակերպությունը գործունեության 20 տարիների ընթացքում շուրջ 200 նախագիծ է իրականացրել, որին մասնակցել է 2000-ից ավելի կամավոր աշխարհի 67 երկրից: Կառույցի նպատակը` պատմամշակութային ու բնության ժառանգության պահպանության հանրահռչակմանը, վերականգնման աշխատանքներին նպաստելն է:
ՊՄՊ ՊՈԱԿ-ի հետ համագործակցության ծրագրերն էլ հավակնոտ և իրատեսական են: Բերտ Լյուդվիգի խոսքով մշակութային ժառանգության ոլորտը ներկայացնող կամավորները` ճարտարապետներ, ինժեներներ, վերականգնողներ են: Կամավորական աշխատանքների ընթացքում նրանք նաև մասնագիտական խորհրդատվություններով են աջակցում:
Բերտ Լյուդվիգի ղեկավարած կառույցը նաև օն-լայն հարթակում է լուրջ գործունեություն ծավալում: Նրանց աշխատանքները ներկայացվում են heritagetimes.eu էլեկտրոնային կայքում:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը հայտնել է, որ հրատարակության է պատրաստվում գիտահանրամատչելի ամսագիր: Նա համոզմունք է հայտնել, որ երիտասարդ մասնագետները հնարավորություն կունենան հայկական հուշարձանների մասին տեղեկատվական հոդվածները ներկայացնել միջազգային հարթակում: Տեղեկատվական հարթակը, ըստ ՊՈԱԿ-ի տնօրենի նաև լավ հնարավորություն է շփման ու փորձի փոխանակման համար:
Հեղ. Մ. Ավանեսյան