ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության նախաձեռնությամբ Թանգարանների միջազգային օրը Գյումրիի «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» բացվել է «Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդես, որն այցելուներին հնարավորություն է ընձեռնել ծանոթանալու օտարազգի հայտնի երախտավորների հայանպաստ գործունեությանը, հայական ճարտարապետությանմասին նրանց աշխատություններին, ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող անձնական արխիվներին, լուսանկարներին:
ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետ Վալեր Նազարեթյանը ներկայացնելով ցուցահանդեսը անդրադարձել է օտարազգի հայտնի երախտավորների՝ ռուս հնագետ Անատոլի Յակոբսոնի, արվեստագիտության դոկտոր Նիկոլայ Տոկարսկու, ավստրիացի պատմաբան, պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկու, ֆրանսիացի` Ժան Շարդենի, իտալացի ճարտարապետ Պաոլո Կունեոի, իտալացի ճարտարապետ, արվեստի պատմաբան Ադրիանո Ալպագո Նովելոյի հայկական ճարտարապետոթյան ուսումնասիրությանը նվիրված գործունեությանը։ Նրա խոսքով նաև նրանց նշանակալի աշխատանքի շնորհիվ է միջազգային հանրությունը ծանոթացել հայ ճարտարապետությանը: Ցուցահանդեսին ներկա են եղել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և մշակույթի բաժնի աշխատակիցներ:
Երեք օր տևած ցուցահանդեսի այցելուների շարքում արվեստաբաններ, լրագրողներ, Շիրակի Պետական Համալսարանի դասախոսներ, ուսանողներ, մարզի տարբեր համայնքների կրթօջախների ներկայացուցիչներ են եղել:
Հեղ.` Ն. Եփրեմյան