«ՄԵԾԱՄՈՐ»-Ի ԿԱՐԱՍՆԵՐԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

«ՄԵԾԱՄՈՐ»-Ի ԿԱՐԱՍՆԵՐԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մշտական ցուցադրությունը  համալրվեց  երկու կարասներով: 2013 թվականին Մեծամորի պեղումների ընթացքում հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախումբը  բացել էր վաղ երկաթի շրջափուլին (մ.թ.ա. XI-IX դդ.) վերաբերող կառույց, որը հրկիզվել էր բնակավայրի գրոհի ժամանակ: Պեղման ընթացքում ի հայտ էին եկել 5 հսկա կարասների բեկորներ, որոնք նույնությամբ մնացել էին իրենց տեղում (in situ): Բոլոր կարասների տակ դրված են եղել տուֆից պատրաստված սկավառակաձև պատվանդաններ: ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայում տևական ժամանակ բեկորները  մարքվել, համակարգվել ու  վերականգնվել են  երկու  կարասները: Բացակա  հատվածները  լրացվել  են  գիպսով:

 

 

«Մշտական ցուցադրությունում դրանք կառանձնան, քանի որ մինչ օրս ձևով ու չափսերով  նմանատիպ կարասներ չեն հայտնաբերվել հնավայրի տարածքից: Համոզված  եմ, որ այցելուները մեծ հետաքրքությամբ կծանոթանան մեր դարավոր  մշակույթի այս մասունքին», -իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Ինչպես արգելոց-թանգարանի մշտական ցուցադրությունում ներկայացված մյուս կարասները, այնպես  էլ  այս  երկուսը` կտեղադրվեն  հատուկ  պատրաստված պատվանդանների վրա:

Կարասների հետ մեկտեղ արգելոց-թանգարանի ֆոնդից  ու  ցուցադրությունից  այս  տարի  ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիա  էր բերվել  նաև  60  միավոր հնագիտական նյութ` ապարանջան,  դաշույն,  քրեղան, սափոր  և այլն: Գտածոները մաքրվել, վերականգնվել  ու վերադարձվել  են  արգելոց-թանգարան: Դրանց  թվում  բացառիկ է Մեծամոր հնավայրից հայտնաբերված և  մ.թ.ա. 1-ին հազ.  թվագրվող, քարից պատրաստված ափսեն: Նմանատիպ ափսե հայտնաբերվել է նաև Լոռի բերդի և Արցախում իրականացված պեղումների ժամանակ: