Ընթերցողի դատին է հանձնվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի գիտական խորհուրդների կողմից հրատարակության երաշխավորված` «Թանգարանի գիտաֆոնդային աշխատանքների հիմունքներ» ուսումնամեթոդական ձեռնարկը: Այն նախատեսված է թանգարանային ոլորտի աշխատողների և բուհերի թանգարանագիտություն ուսումնասիրող ուսանողների համար:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու Լիաննա Գևորգյանի` թանգարանագիտության հիմնահարցերին նվիրված երրորդ ուսումնասիրությունը նվիրված է թանգարանային ամենակարևոր գործառույթներից մեկին` պատմամշակութային արժեքների պահպանության, ուսումնասիրության և հանրահռչակման հիմնախնդիրներին:
Հեղինակի աշխատանքում փաստացի նյութի և սկզբնաղբյուրների հիման վրա ներկայացված են թանգարանների ֆոնդերի համալրման, ուսումնասիրման, հաշվաման, պահպանման և վերականգնման մասին ավանդական և արդի մոտեցումներն ու պահանջները, նաև` մարտահրավերները, որոնք թանգարանների ֆոնդային տնտեսությունների առջև այսօր ծառացած խնդիրները:
Ձեռնարկում հանրամատչելի ներկայացվել են գիտաֆոնդային աշխատանքների կազմակերպման խնդիրները, հիմնական ֆոնդի կազմավորման աղբյուրները, գիտաֆոնդային աշխատանքներում նոր տեխնոլոգիաների օգտագործման խնդիրները, գիտական կատալոգի ստեղծման սկզբունքները: Հատուկ անդրադարձ կա ֆոնդային ամենակարևոր գործառույթին` թանգարանային առարկաների պահպանմանն ու պաշտպանությանը, թանգարանի ու թանգարանային ֆոնդերի անվտանգության համակարգին, թանգարանային առարկաների վերականգնման աշխատանքներին:
400 օրինակ տպաքանակով հրատարակված ձեռնարկը հրաշալի աղբյուր է թանգարանագիտության ոլորտի հետաքրքիր ու չբացահայտված գաղտնիքներին ծանոթանալու համար: Այն մասնագիտական լավագույն ուղեցույց կարող է լինել նաև ՊՈԱԿ-ի ենթակա ստորաբաժանումների, արգելոցների ու արգելոց-թանգարանների աշխատակիցների համար: