«Հայաստանի մոռացված պատմամշակութային ժառանգությանը նոր կյանք» ծրագրի շրջանակում, որը միտված է Հայաստանի թանգարանների պատմամշակութային արժեքների «վերակենդանացմանը», «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ամիսներ առաջ այցելել են Վայոց ձորի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի և Արմավիրի մարզերի թանգարաններ։
Չնայած հարուստ հավաքածուների առկայությանը, մարզերի թանգարաններում չկան վերականգնման լաբորատորիաներ և մշակութային արժեքները մնում են թանգարանների ֆոնդապահոցներում, իսկ մշտական և ժամանակավոր ցուցադրություններում երբեմն ներկայացվում են ոչ պատշաճ։
ՊՈԱԿ-ի աշխատակիցներ՝ Տիգրան Զաքյանը, Աստղիկ Սիմոնյանը և Ներսես Մամիկոնյանը Եղեգնաձորի, Գեղարքունիքի, Լոռի-Փամբակի երկրագիտական, Իջևանի պատմաերկրագիտական և էջմիածնի պատմաազգագրական թանգարանների մշտական ցուցադրություններից ու պահոցներից 15-ական միավոր հնագիտական առարկաներ էին տեղափոխել ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիա։ Տևական ու բարդ աշխատանքի արդյունքում հնագիտական առարկաները՝ թասեր, սափորներ, քրեղան,ապարանջան, կճուճ և այլն վերականգնվել ու վերադարձվել են թանգարաններ։
Նախորդ տարեվերջին սկսված ծրագիրն արդեն ավարտվել է։Աշխատանքի արդյունքում հրատարակվել է նաև հնագիտական առարկաների կատալոգ՝ նախատեսված հնագետների, թանգարանագետների, մշակութաբանների արվեստաբանների, պատմաբանների, պատմամշակութային ժառանգությամբ հետաքրքրվողների համար։
Հրատարակված կատալոգների օրինակները կտրամադրվեն թանգարաններին, մարզային գրադարաններին, գիտական հաստատություններին: