Վերականգնման լաբորատորիայում աշխատանքային եռուզեռ է։ Մեր վերականգնողներն աշխատում են Մեծամոր հնավայրի 2016 թ․ հայ-լեհական միջազգային արշավախմբի կողմից պեղված XVIII դամբանաբլուրից հայտնաբերված հնագիտական նյութերի վրա։ Դրանք թվագրվում են՝ մ․թ․ա․ 12-10-րդ դարերով։ Պերճանքի փոքրիկ ու շատ գեղեցիկ առարկաներից ամենափոքրը սարդիոնե ուլունքահատիկն է, որի տրամագիծը 2 մմ է։ Ավելի քան հազար ուլունքահատիկները փռված են եղել ողջ դամբարանախցով։ Լաբորատորիայի աշխատակիցները, ովքեր մասնակցում են նաև պեղումներին, ասում են, որ արդյունքում հայտնաբերվել է մետաղ /ոսկի, անագ, բրոնզ/, խեցեղեն, մարդկային և կենդանական ոսկորներ, մ․թ․ա․ 18-17-րդ դարերով թվագրվող միջինբրոնզեդարյան երկու կավանոթ։ Այս առարկաները շուտով համալրելու են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆոնդը։
Թիմային ճիշտ ու կազմակերպված աշխատանքի շնորհիվ շուտով կավարտվեն պերճանքի առարկաների մաքրման, դասակարգման աշխատանքները և ՊՈԱԿ-ը արդեն մաքրված, վերականգնված և կոնսերվացված խեցեղեն նյութի հետ միասին դրանք կուղարկի իր մասնաճյուղ արգելոց-թանգարանի ֆոնդ։