«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում մեկնարկած պեղումները ուշագրավ նյութ է տալիս։ Տարածքում հայտնաբերված կավե, ոսկրե, ապակյա, մետաղական իրերից բացի կարևոր են նաև քարե գտածոները։ Հնավայրի զանազան հատվածներում պեղումների և հետախուզական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են մեծ թվով, քարե գործիքների` սանդերքի, աղորիքների ծեծիչների բեկորներ։ Քիչ չեն նաև կոթողների ու ճարտարապետական մանրամասների բեկորները։ Բացառիկ են 7-րդ դ. թվագրվող սյան բեկորները, որոնց նիստերին առկա են հավասարաթև խաչի պատկերներ։ Հատկապես ուշագրավ են խաչքարերի ու տապանաքարերի բեկորները, որոնք գտնվում են և՛ հողի շերտում, և՛ պատերի և՛ քարակուտակումերի մեջ։ 12-13-րդ դդ. բնորոշ հոյակերտ խաչքարերի բեկորների մի մասը արձանագիր է։ Առանձնանում է վերջերս գտնված տուֆից խաչքարի բեկորը՝ շքեղ վարդյակի հատվածով։
Ավելի վաղ հնագիտական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել էին մեծ թվով հնագիտական իրեր․ հասարակ և ջնարակված խեցեղեն, ծխամորճներ, մետաղադրամներ, ուլունքներ, զարդեր, բաղնիքի ծորակներ, նետասլաքներ։ Պարսպապատի և երկու բաղնիքների տարածքում բացվել են կառույցների ճարտարապետական տարբեր մանրամասներ․ պատեր, բաղնիքների հիպոկաուստ հատակներ, ջրամատակարարման համակարգի խողովակաշարեր, ջրավազաններ և այլն, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու ժամանակաշրջանի կառույցների,կառուցվածքային առանձնահատկությունների մասին։
Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (ղեկ.՝ Արման Նալբանդյան) ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատկացրած առանձին դրամաշնորհով։