2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ մեկնարկել են Թալին քաղաքի Կաթողիկե մեծ տաճարի ամրակայման, վերականգնման աշխատանքները: Վերականգնողական աշխատանքների մեկնարկից առաջ նախաձեռնության հեղինակները ստացել են մասնագիտական խորհրդատվություն եկեղեցում պահպանված որմնանկարների պահպանության վերաբերյալ: Նախաձեռնության հեղինակներ, բարերարներ՝ Վահե և Վիգեն Բադալյանները համագործակցել են, թե՛ հայ որմնանկարների վերականգնող մասնագետների, թե՛ Ռումինիայից ու Ռուսաստանից հրավիրված մասնագետների հետ, որոնց կատարած ակնադիտական ուսումնասիրությունները, մասնագիտական կարծիքները որոշիչ կլինեն վերականգնման աշխատանքներում:
Տաճարի ամրակայման աշխատանքերի գիտանախագծային փաստաթղթերը պատվիրվել և ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համաձայնեցմանը դեռևս 2021թ.:
Նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 2021 թ․ հունիսի 4-ին կայացած 4-րդ նիստում քննարկվել է հուշարձանի էսքիզային նախագիծը (հեղինակ՝ վերականգնող ճարտարապետ Հովհաննես Սանամյան) և արժանացել դրական եզրակացության:
Վերականգնողական աշխատանքները՝ որմնանկարների պահպանությանը զուգահեռ, նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին։