Ամրոցաշինությունից բանակաշինություն.
Հայոց փառքի քարե վկաները.
«Հալիձոր» ամրոց
Հալիձորի բերդը կառուցվել է XVII դ.՝ որպես Կուսանաց անապատ:
1723 թ. Դավիթ Բեկը Հալիձորի անապատը դարձրեց ազատագրված Կապանի կենտրոն` վերածելով անառիկ ամրոցի:
Այսպիսով, XVIII դ. ամրոցն իր անմատչելի դիրքի շնորհիվ վերածվեց հայ ազգային-ազատագրական պայքարի գլխավոր հենակետի:
1727 թ. թուրքական մեծաթիվ բանակի ու Դավիթ Բեկի փոքրաթիվ ջոկատի միջև տեղի ունեցած Հալիձորի ճակատամարտն ավարտվեց թուրքական բանակի պարտությամբ: Այդ ճակատամարտից հետո Դավիթ Բեկը մեկը մյուսի հետևից ազատագրեց Մեծ Կապանի բոլոր շրջանները:
Հալիձորի ամրոցը պարսպապատ է, մուտքը` հարավային պատի մեջ: Հարավարևմտյան անկյունում պահպանվել է շրջանաձև հատակագծով մեկ բուրգ: Ամրոցի տարածքում կան մեկից ավելի կլոր պաշտպանական աշտարակների ավերակներ:
Հալիձորի բերդն ունեցել է գաղտնուղի դեպի դուրս, որն օգտագործվել է պաշարվելու դեպքում թշնամու վրա անսպասելի հարձակվելու համար:
Այդուհանդերձ, 1729 թ. թուրքական զորքը պաշարում է Հալիձորի բերդը, որի պաշտպանությունը ղեկավարում էր Մխիթար սպարապետը: Թշնամին մտնում է բերդ, կոտորում ներսում գտնվողներին, քանդում պարիսպները` բերդը վերածելով ավերակների:
2006-2009 թթ. ամրոցի տարածքում կատարվել են մասնակի վերականգնման աշխատանքներ: Արդյունքում վերականգնվել են արևելյան, հյուսիսարևելյան, հարավարևելյան պարսպապատերը, ինչպես նաև հարավային մուտքը:
Լուսանկարները՝ Լևոն Մկրտչյանի