«Հալիձոր» ամրոց (Հալիձորի բերդ)

«Հալիձոր» ամրոց (Հալիձորի բերդ)

Ամրոցաշինությունից բանակաշինություն.

Հայոց փառքի քարե վկաները.

«Հալիձոր» ամրոց

Հալիձորի բերդը կառուցվել  է XVII դ.՝ որպես Կուսանաց անապատ:

1723 թ. Դավիթ Բեկը Հալիձորի անապատը դարձրեց ազատագրված Կապանի կենտրոն` վերածելով անառիկ ամրոցի:

Այսպիսով, XVIII դ. ամրոցն իր անմատչելի դիրքի շնորհիվ վերածվեց հայ ազգային-ազատագրական պայքարի գլխավոր հենակետի:

1727 թ. թուրքական մեծաթիվ բանակի ու Դավիթ Բեկի փոքրաթիվ ջոկատի միջև տեղի ունեցած Հալիձորի ճակատամարտն ավարտվեց թուրքական բանակի պարտությամբ: Այդ ճակատամարտից հետո Դավիթ Բեկը մեկը մյուսի հետևից ազատագրեց Մեծ Կապանի բոլոր շրջանները:

Հալիձորի ամրոցը պարսպապատ է, մուտքը` հարավային պատի մեջ: Հարավարևմտյան անկյունում պահպանվել է շրջանաձև հատակագծով մեկ բուրգ: Ամրոցի տարածքում կան մեկից ավելի կլոր պաշտպանական աշտարակների ավերակներ:

Հալիձորի բերդն ունեցել է գաղտնուղի դեպի դուրս, որն օգտագործվել է պաշարվելու դեպքում թշնամու վրա անսպասելի հարձակվելու համար:

Այդուհանդերձ, 1729 թ. թուրքական զորքը պաշարում է Հալիձորի բերդը, որի պաշտպանությունը ղեկավարում էր Մխիթար սպարապետը: Թշնամին մտնում է բերդ, կոտորում  ներսում գտնվողներին, քանդում պարիսպները` բերդը վերածելով ավերակների:

2006-2009 թթ. ամրոցի տարածքում կատարվել են մասնակի վերականգնման աշխատանքներ: Արդյունքում վերականգնվել են արևելյան, հյուսիսարևելյան, հարավարևելյան պարսպապատերը, ինչպես նաև հարավային մուտքը:

Լուսանկարները՝ Լևոն Մկրտչյանի