Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը (խաղողօրհնեք) նշում է օգոստոսի 13-ին։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տոնի կապակցությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի մուտքը ՀՀ քաղաքացիների համար սահմանել է անվճար։
Աստվածածնի Վերափոխման տոնը ավանդաբար համարվում է նաև «Ամբերդ» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող Վահրամաշեն եկեղեցու ուխտի օր։
Վահրամաշեն եկեղեցի
Բերդաքաղաքի կենտրոնական բարձրադիր մասում է գտնվում Վահրամաշեն եկեղեցին` կառուցված 1026 թ. Վահրամ Պահլավունու հովանավորությամբ: Եկեղեցին ունի խաչաձև գմբեթավոր հորինվածք: Ուղղանկյուն հատակագծի մեջ ամփոփված է աղոթասրահը` արևելյան կողմի ավագ սեղանով և 4 անկյունների ավանդատներով: Ներքուստ բոլորաձև, արտաքուստ 12 նիստանի թմբուկը հարդարված է զույգ որմնասյուներով և ծածկված է հովանոցաձև վեղարով: Վերջինս ուշագրավ է և նման ծածկի առաջին օրինակն է: Եկեղեցու ներսում` պատի վրա, գտնվում է եկեղեցու կառուցման վերաբերյալ շինարարական արձանագրությունը: Եկեղեցու արտաքին ճարտարապետությունը պարզ է, բակում գտնվում է արևի ժամացույցը: