Համայնքային հուշարձանապահպանությունը Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան 199 հիմնական դպրոցում

Համայնքային հուշարձանապահպանությունը Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան 199 հիմնական դպրոցում

2023-11-15T16:21:55+00:00 15/11/2023|Լրահոս, Հրապարակումներ|

Հայրենի Արցախի  կարոտը սրտում  9-ամյա Սամուելը արցախցի Հարությունի, Մարիայի ու Անգելինայի հետ  արդեն  մեկ ամսից ավել է հաճախում են Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան 199 հիմնական դպրոց։

Վիոլետա Բեջանյան Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցի տնօրեն

Դպրոցն այս պահի դրությամբ ունի 700 աշակերտ, որից 70-ը համալրվել են վերջին մեկ ամսում Արցախից բռնի տեղահանված երեխաներով։ Աշակերտներն ընդունվել են  ջերմությամբ, սիրով, որևէ խնդիր չենք ունեցել, արդեն ինտեգրվել են, ձեռք են բերել նոր ընկերներ և լավ են սովորում։ Իրենց ուժեղ կամքով, պահվածով արցախցի երեխաները հակառակը՝ օրինակ են ծառայել մեր աշակերտների համար։

Դպրոցի աշակերտների համար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը  Արցախից բռնի տեղահանված երեխաների համար Դավթաշեն վարչական շրջանում անցկացրել  է «Համայնքային հուշարձանապահպանություն  խորագրով» գիտակրթական ծրագիրը։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի մասնագետները  դպրոցի  4-րդ դասարանի աշակերտների համար  բացահայտել են «Զվարթոնց» պատմամշակութային արգելոց-թանգարանի պատմությունը, ճարտարապետական ինքնատիպությունը՝ հնարավորություն տալով աշակերտներին  «շոշափել  Զվարթնոցը»  սեփական ձեռքերով։

Հարություն Ավագյան թիվ 199 հիմնական դպրոցի աշակերտ

Մենք Երևան ենք եկել Ստեփանակերտից դեռ չեմ հասցրել Զվարթնոցում լինել, բայց ինձ շատ դուր եկավ Տաճարը՝ հատկապես ամբողջական տեսքով, իսկ կավով աշխատանքը շատ հետաքրքիր էր, ես ամեն օր եմ մատիտներով նկարում, բայց այ կավով առաջին անգամ եմ նման բան պատրաստում։

Հայսատանի պատմամշակութային ժառանգությունը  դպրոցականներին գործնական տարբերակով փոխանցելու մեթոդը բարձր է գնահատում նաև դպրոցի տնօրենը։

Վիոլետա Բեջանյան Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցի տնօրեն

Ամբողջ աշխարհում կրթությունը ընթանում է բացի պաշար հավաքելուց նաև կիրառելու մեթոդին։ Ես՝ որպես տնօրեն, կարևորում եմ նմանօրինակ կրթական ծրագրերը, աշակերտները կարողանում են ստացած գիտելիքները կիրառել նաև գործնականում։ Որպես պատմության մասնագետ կարող եմ ասել, որ մեծ հետաքրքրություն է առաջացնում  աշակերտների մոտ տվյալ առարկայի հանդեպ, հետագայում կարող է նաև մասնագիտական կողմնորշմանը նպաստել։

 

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը առաջիկայում նախատեսում է Արցախից բռնի տեղահանված, ՀՀ մարզերի, ինչպես նաև հատուկ խնամքի կարիք ունեցող աշակերտների համար  իրականացնել ինչպես «Համայնքային հուշարձանապահպանություն» խորագրով գիտակրթական ծրագիրը, այնպես էլ նոր ծրագրեր։