Որոտնավանք

Որոտնավանք

Որոտնավանք վանական համալիրը միջնադարյան հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցի ուշագրավ հուշարձաններից է: Բաղկացած է Ս. Գրիգոր, Ս. Ստեփանոս, Ս. Կարապետ եկեղեցիներից, գավթից, սյունասրահներից, հյուրատնից ու օժանդակ շինություններից, պարսպից և գերեզմանատնից: Բոլոր հուշարձանները տեղադրված են ուղղանկյուն բակի պարագծով, հիմնականում՝ հյուսիսային և արևելյան կողմերում, և կառուցված են տեղական բազալտի քարերով:

Որոտնավանքը եղել է միջնադարյան գրչության և կրթական կենտրոններից: Այստեղ գործել են Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Առաքել ծաղկողը և այլք:

  1. Ս. Գրիգոր եկեղեցինհամալիրի հնագույն եկեղեցին է: Գործել է մինչև վանական համալիրի հիմնադրումը: Ըստ XIII-XIV դդ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ.: Վերակառուցել է Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոսի (մահ. 735 թ.) կողմից: Միանավ կառույց է, այժմ՝ ավերակ: Վաղ միջնադարում եղել է նշանավոր ուխտատեղի:
  2. Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցինգտնվում է Ս. Գրիգոր եկեղեցու հյուսիսարևելյան կողմում: Ըստ պահպանված շինարարական արձանագրության՝ եկեղեցին 1000 թ. կառուցել է Սյունյաց Սմբատ թագավորի կինը՝ Շահանդուխտ թագուհին: Միանավ, թաղածածկ կառույց է: Արևելյան կողմում կան երկու ավանդատներ: Երրորդ ավանդատունը տեղադրված է հյուսիսային պատի երկայնքով և կազմում է հյուսիսարևելյան ավանդատան շարունակությունը:

Ս. Ստեփանոս եկեղեցու արևմտյան կողմում՝ կից, թաղածածկ գավիթն է՝ կառուցված է XI դ. սկզբին: Եկեղեցու և գավթի հարավային ճակատների երկայնքով ձգվում է թաղածածկ սյունասրահը՝ հարավային ճակատում մեկ լայն պայտաձև կամարակապ բացվածքով:

  1. Ս. Կարապետ եկեղեցինգտնվում է համալիրի արևելյան մասում, Ս. Ստեփանոս եկեղեցու հարավարևելյան կողմում: 1007 թ. կառուցել է արքայորդի Սևադան: Ունի կենտրոնագմբեթ, եռախորան, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք: Միակ մուտքը արևմտյան կողմից է: Կառուցված է սրբատաշ բազալտի քարերով: 1438 թ. վանահայր Սարգիս Անգեղակոթցին վերակառուցել է եկեղեցու գմբեթը: 1931 թ. երկրաշարժից քանդվել են եկեղեցու գմբեթն ու ծածկերը: Վերականգնվել է 1980, 2012, 2017 թթ.:

Եկեղեցու ներսում պահպանվել են որմնանկարի հետքեր, որը վերականգնվել է 2011 թ.՝ բելգիացի Քրիստին Լամուեի և իտալացի մասնագետների կողմից:

Ս. Կարապետ եկեղեցու արևմտյան պատի ամբողջ երկայնքով ձգվում է սյունասրահը: Կառուցված է եկեղեցուց ուշ: Բաց, կամարակապ կառույց է՝ կենտրոնական մասում երեք մեծ կիսաշրջանաձև կամարներով:

  1. Հյուրատունը և այլ օժանդակ շինություններըգտնվում են համալիրի արևմտյան կողմում: Վերջիններս կառուցել է Շահանդուխտ թագուհին XI դ. սկզբներին: Հյուրատունը կառուցվել է ավելի ուշ՝ 1326 թ.:
  2. Հուշասյունըկանգնեցվել է XI դ., Ս. Կարապետ եկեղեցու հյուսիսային պատին կից, եռաստիճան պատվանդանի վրա՝ գագաթին, խոյակի վրա դրված է եղել խաչարձան: Քանդվել է 1931 թ. երկրաշարժից և վերականգնվել 1980 թ.:
  3. Պարիսպըշրջափակել է համալիրը արևելյան, արևմտյան և հարավային կողմերից: Հուշարձանների հյուսիսային պատերը վանքի պաշտպանական համակարգի մի մասն են կազմել:
  4. Գերեզմանատունըտարածվում է վանքի պարսպափակ բակում, որտեղ պահպանվել են X-XVI դդ. խաչքարեր ու տապանաքարեր (թաղումներ են իրականացվել նաև XX դ.): Իշխանական տոհմի գերեզմանատուն են ծառայել նաև Ս. Ստեփանոս և Ս. Կարապետ եկեղեցիներին կից սյունասրահները, որտեղ թաղված են Շահանդուխտ թագուհին և իր որդի Սևադան: