Վարդավառը Գառնիում

Վարդավառը Գառնիում

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը նշվել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում։

Միջոցառումն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Գառնու համայնքապետարանի հետ գործակցությամբ։

Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է Եկեղեցու հինգ տաղավար տոներից՝ երրորդը։ Տոնի արարողական մասի հիմնական խորհրդանիշը սրբագործումն ու մաքրագործումն է:

Պայծառակերպության տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելը և աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը:

Վարդավառ ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ինչպես այս, այնպես էլ շատ մինչքրիստոնեական պաշտամունքային տարրեր միահյուսել և ընդհանրացրել է եկեղեցական ծիսակարգերով, համարելով, որ  ավանդույթները նաև ժողովրդի մշակույթի մի մասն են և դրանց միջոցով է, որ կարելի է պատկերացում կազմել տվյալ ազգի  պատմության ու մշակույթի մասին: