ՏԻԳՐԱՆԱԲԵՐԴ (Բերդի գլուխ)
Կոտայքի մարզ
գ. Զառ
պետ. ցուցիչ՝ 6.27.1
Գտնվում է գյուղից մոտ 2,5 կմ հյուսիսարևելք, 1900 մ բարձրության վրա՝ գերիշխող դիրք գրավելով շրջապատի նկատմամբ: «Բերդ շենը» կամ «Կիկլոպյան ամրոցը» վերագրվում է Ք.ա. II-I հազ.-միջնադարին: Համեմատաբար լավ է պահպանված: Պահպանական գոտին զբաղեցնում է 4,2 հա տարածք: Շրջապատը մասամբ պատված է չորրորդական ժամանակաշրջանի լավային հոսքերով՝ քարացրոններով: Ամրոցը հարավային, արևմտյան և արևելյան կողմերից շրջապատված է մասամբ քարացրոններով պատված զառիթափ լանջերով: Ամրոցի մուտքը արևելյան կողմից է: Միջնաբերդի պարսպապատերը կառուցված են առանց շաղախի, տեղական կոպտատաշ բազալտով: Ունեն 2-3 մ բարձրություն և գրեթե նույնքան լայնություն: Միջնաբերդում նկատելի են օժանդակ շինությունների հետքեր: Բերդի հյուսիսային կողմում պահպանվել են աշտարակավոր արտաքին պարսպի և բնակատեղիի հետքեր: Տարածքը հարուստ է ժամանակաշրջանին բնորոշ խեցեղենի բեկորներով: Արևելյան կողմում պահպանվել է դեպի ամրոց տանող ճանապարհը:
«Տիգրանաբերդի» տարածքում հայտնաբերվել են Ք. ա. II-I հազ. դամբարանադաշտեր և 3 քարե ջրհորներ, որոնք, ինչպեսև ամրոցը, դեռևս գիտականորեն ուսումնասիրված չեն: