«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայի աշխատակիցները մաքրել են «Չարենցի կամար» հուշարձանի վրա ներկով արված գրառումները։
Հուշարձանը գտվում է Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի սկզբնամասում, Երևան-Գառնի ճանապարին:
«Չարենցի կամարը» ուղղանկյուն հատակագծային հորինվածքով (10 x 5,5 մ), 5 մ բարձրությամբ կառույց է՝ եզրափակված հիմնային ուղղանկյունից ավելի նեղ երկթեք տանիքով՝ հենված ատամնաշարով քիվի վրա։ Հյուսիսային և հարավային ճակատների վրա առկա են կամարակերպ բացվածքներ՝ 3,5 մ շառավղով։ Կամարը կառուցված է բազալտից, ներքին երեսպատումն արված է նարնջագույն տուֆով: Կառույցի կենտրոնում քարե նստարան կա։
«Չարենցի կամար»-ի ուրվագծի երկայնքով փորագրված են հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հետևյալ տողերը` «…Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում»: Այդ պատճառով էլ հուշակոթողը հայտնի է «Չարենցի կամար» անվանումով:
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը խնդրում է պահպանել պատմամշակութային հուշարձանները․ ճանաչել, պահպանել, ժառանգել։