ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

Պետ. ցուցիչ 8.3.126

Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է Գորիս քաղաքի կենտրոնում:
Վարարակն գետի ձախ ափին տարածվող Հին Գորիս գյուղի եկեղեցուց օգտվելու անհարմարությունը, ինչպես նաև քաղաքում գործող ռուսական եկեղեցու առկայությունը պատճառ հանդիսացան, որ գորիսեցիները, հատկապես, Գորիսի Մելիք-Հյուսեինյան իշխանական տոհմի ներկայացուցիչները, 1897թ. նախաձեռնեն քաղաքում հայկական եկեղեցու կառուցումը: Դրամական միջոցների հանգանակությանը մասնակցել է քաղաքի ողջ բնակչությունը: Բանավոր վկայությունների համաձայն` եկեղեցու կառուցումը ղեկավարել է իտալահայ ճարտարապետ: Եկեղեցին 1903թ. օծվել է Խրիմյան Հայրիկի կողմից, իսկ բացվել է 1904թ., բայց չի ունեցել գմբեթ և խորան: 1920թ. այս եկեղեցում է կատարվել Գարեգին Նժդեհի և Արուսյակ Մինասյանի պսակադրությունը: 1921թ. փետրվարին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել նաև Գարեգին Նժդեհի սպարապետ օծվելու հանդիսավոր արարողությունը:

Եկեղեցին գործել է մինչև 1926 թ.: Փակվելուց հետո, օգտագործվել է որպես հացամթերման պահեստ, հետո երկրագիտական թանգարան` մինչև 1988թ.: 1989թ. դեկտեմբերին եկեղեցին վերաբացվել է:

Եկեղեցու կառուցման հաջորդ փուլն իրականացվել է 1984-1997թթ., երբ վերանորոգման աշխատանքներց զատ, կառուցվեցին նաև գմբեթն ու սուրբ խորանը: Աշխատանքներն իրականացվել են ճարտարապետ Սևադա Զաքարյանի նախագծով:

Եկեղեցին ուղանկյուն հատակագծով կենտրոնագմբեթ կառույց է, շարված է 25X25 չափի սրբատաշ, միանման ելուստներով իրար ագուցված որձաքարից, կարանները լցված են կրաշաղախով: Մասնագետների հավաստմամբ` եկեղեցին աչքի է ընկել իր եզակի շարվածքով: Ունեցել է երեք մուտք` հյուսիսային, հարավային և արևմտյան: Վերջին շինարարական աշխատանքների ժամանակ հյուսիսային և հարավային մուտքերը փակվել են: Պատերից յուրաքանչյուրի վրա կան երեքական լուսամուտներ: Մուտքերի բացվածքներն ու լուսամուտները եզերված են գորշավուն սրբատաշ բազալտով:

Եկեղեցու հյուսիսային պատի վրա ագուցված արձանագրության մեջ թվարկված են հին ու նոր կառուցող վարպետների և երկրորդ փուլի աշխատանքների բարերարների անունները:

Եկեղեցու բարձրությունը (խաչի հետ մեկտեղ) 28մ է:

Այստեղ է գտնվում Հայ Առաքելայան եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդարանը: Առաջնորդարանի շենքը կառուցվել է XIX դարավերջին. եկեղեցու շինարարության ավարտական փուլում այն նույնպես վերանորոգվել է: Եկեղեցու բակում կան X-XVIII դդ. թվագրվող խաչքարեր ու տապանաքարեր, հյուսիսային կողմում, ճարտարապետ Սևադա Զաքարյանի նախագծով, 2005թ. տեղադրվել է հուշարձան` նվիրված հայրենիքի համար զոհված հայորդիներին:

Օգտագործված գրականություն
1. Հախվերդյան Սերգեյ, Գորիսի ամփոփ պատմություն, Երևան, 2005: