«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվել է «Անցյալի ելևէջներ» խորագրով երաժշտական միջոցառում: Գառնիի դուդուկահարներից կազմված խումբը կատարել է Սայաթ-Նովայի, Կոմիտասի ժողովրդական ստեղծագործություններ:
Դուդուկի ելևէջները տարածվել են արգելոց-թանգարանում ու այցելուներին ակամա ստիպել դառնալ հանդիսատես: Միջոցառմանը ներկա է եղել նաև Գերմանիայի դաշնության Սաքսոնիա երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհը՝ տիկնոջ և պատվիրակության անդամների հետ:
Հայկական դուդուկի ելևէջներից տպավորված գերմանացի նախարարը լսել է բոլոր կատարումները, ապա խնդրել նվագել «Գլադիատոր» ֆիլում հնչած հայկական մոտիվներով դուդուկի մեղեդին: