ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ, ՇՐՋԵԼ ՀՆԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ, ՇՐՋԵԼ ՀՆԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Արդեն երրորդ տարին է Մեծամորի հնավայրում պեղումներ է իրականացնում հայ-լեհական արշավախումբը: Այդ ուսումնասիրությունների ու հայտնաբերված բացառիկ գտածոների մասին ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան` Եժի Մարեկ Նովակովսկու միջոցով տեղեկացել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին: Ազգությամբ լեհ դիվանագետը հոկտեմբերի 1-ին այցելել է Մեծամորի հնավայր, որտեղ երրորդ տարին է պեղումներ են իրականացվում հայ-լեհական արշավախմբի կողմից:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը հյուրին ծանոթացրել է Մեծամոր հնավայրի 50 տարվա պեղումների արդյունքներին: Մ.թ.ա. 5-րդ հազարամյակից մինչև մ.թ. 18-րդ դարն ընդգրկող գտածոներով էլ համալրվում է Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանի հավաքածուն: Համալրված ցուցադրության բացումը հոկտեմբերի 3-ին է:

«Մեծամորը եզակի հուշարձան է ողջ մերձավոր արևելքի համար: Համոզված եմ մենք այս հնավայրում` բնակատեղիում, հողի տակ հազարամյակներ ծածկված դեռ այնպիսի հատվածներ կպեղենք, որոնք մարդու աչքից հեռու են մնացել և վստահ եմ, որ պեղվելիք նյութը ոչ թե մեկ, այլ մի քանի սերունդների ուսաումնասիրության առարկա կդառնա: Իսկ հնավայրը կշարունակի տոնել պեղումների ոչ միայն 50, այլ 100 և ավելի ամյակները»,- Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ զրույցում նշել է հայ-լեհական արշավախմբի համաղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:

«Այն, ինչ այստեղ տեսա, շատ տպավորիչ է, սա կարևոր է ոչ միայն ձեր երկրի, այլև ամբողջ Եվրոպայի համար: Պետք է ոչ միայն առաջ շարժվել, այև հայացք նետել դեպի անցյալն ու իմանալ, թե որտեղից են մեր արմատները, որտեղից ենք սերում, ծանոթանանք ընդհանուր ժառանգականության մասին վկայող բոլոր կապերին` Մերձավոր արևելք, Իրան, նույնիսկ Մոնղոլիա: Սա բացառիկ ցուցադրություն է, այսպիսի գտածոներ երբեք և ոչ մի տեղ չեմ տեսել: Այս հարստությունն է նաև Հայաստանի գրավչությունը»,-Մեծամորի թանգարանի համալրված ցուցադրությանը ծանոթանալուց հետո տպավորություններն է փոխանցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:

Եվրոպացի դիվանագետը շրջել է նաև Մեծամորի հնավայրում և համոզմունք հայտնել, որ հնարավորության սահմաններում պետք է աջակցել, որպեսզի պեղումները շարունակվեն: