ՄԱՐՏ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳԱՆՁԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ 5 ԴԵՊՔ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

ՄԱՐՏ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳԱՆՁԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ 5 ԴԵՊՔ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

2021-11-17T14:13:51+00:00 31/03/2016|Սյունիք, Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի ՊՄՊ մարզային ծառայության հուշարձանների պահապան Ժիրայր Ավետիսյանը Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղի վարչական տարածքում հաշվառված «Եկեղեցի Սռեղցի» հանրապետական նշանակության հուշարձանի (պետ. ցուցիչ` 8.101.13) տարածք այսօր կատարած շրջայցի ընթացքում արձանագրել է, որ եկեղեցու շուրջը տարածված միջնադարյան գերեզմանոցում (պետ. ցուցիչ` 8.101.13.1) հողաշերտի խաթարում է տեղի ունեցել: Գանձախուզության արդյունքում`գերեզմանոցի տապանաքարերից մեկը տեղաշարժվել է նախնական դիրքից, տեղում մոտ 1.0 մ X 0.5 մ չափի փոս է փորվել, ապա այն մասնակիորեն լցվել է ու տապանաքարը կրկին դրվել նախկին տեղում: Տեղաշարժելիս այն կիսվել է: Պահապանն արձանագրել է նաև, որ նախնական դիրքից փոքր ինչ տեղաշարժվել է նաև մյուս տապանաքարը, որը չափերով ավելի մեծ է (խրված է հողի մեջ), հնարավոր չէ տալ չափերի ամբողջական նկարագիրը: Այս տապանաքարի կողքին ևս մի փոս (0.2մX0.3մ) է փորվել, սակայն փորված հողը նորից հետ է լցվել:

Հուշարձանն ընդգրկված է պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձաների ցուցակում:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը փաստի առիթով կդիմի իրավապահ մարմիններին:

Նկատենք, որ միայն մարտ ամսվա ընթացքում գանձախուզության 5 դեպք է արձանագրվել ՊՈԱԿ-ի պահպանության տակ գտնվող հուշարձանների տարածքներում, որոնցից երեքը` Սյունիքի, մեկը` Կոտայքի, մյուսն էլ` Արագածոտնի մարզերում: